Սիրուշիկ Ջինիսյանն Ախալքալաքից միակ ուսանողուհին է, ով ընդունվել է Չինաստանի համալսարան: Աղջիկը զարմացրեց բոլորին իր ոչ ստանդարտ ընտրությամբ: Այս պահին նրա ուսումը Չինաստանում չի ընթանում, այլ տանը՝ համակարգչի առջև, բայց նա հույս ունի, որ հաջորդ տարի կգնա այնտեղ:

китай

Գրասեղանը և համակարգիչը ժամանակավորապես Չինաստան են դարձել թիվ 2 ռուսական դպրոցի շրջանավարտ Սիրուշիկ Ջինիսյանի համար: Նրա ուսումը տևում է ժամը 14:00-ից 18:00-ն, դասերն անցկացվում են առցանց: Դասերի ժամանակը պլանավորված է այնպես, որ այն հարմար լինի բոլորովին այլ ժամային գոտիներ ունեցող օտարերկրյա ուսանողների համար:

«Քույրս պետք է ընդունվեր Չինաստանի մագիստրատուրա, նա ինձ առաջարկեց ընդունվել իր հետ, ծնողներս նույնպես հորդորեցին, որ փաստաթղթերս հանձնեմ քրոջս հետ, և եթե երկուսս էլ ընդունվենք, միասին մեկնենք: Մենք հավաքեցինք փաստաթղթերը, ներկայացրեցինք և երկուսն էլ ընդունվեցինք», – պատմում է Սիրուշիկը:

Նա նախկինում հետաքրքրվում էր չինական մշակույթով, բայց չէր մտածում, որ իր կյանքը կկապի այս երկրի հետ:

Աղջկա հետաքրքրությունը չինական մշակույթի նկատմամբ առաջացել էր քրոջից, ով խնդրում էր նրան օգնել Չինաստանի մասին շնորհանդեսներ պատրաստելիս, լեզուն սովորելիս և իր սովորածը ստուգելու ընթացքում: Այնուամենայնիվ, ընդունելությունը նրա համար հեշտ չէր: Անհրաժեշտ էին բազմաթիվ փաստաթղթեր, որոնց համար նա նույնիսկ ստիպված էր 2 անգամ մեկնել Ռուսաստան:

«Այս համալսարանը դրամաշնորհներ ունի արտասահմանցի ուսանողների համար, մենք ստացել ենք 70%-ոց դրամաշնորհ, այն տրամադրվում է լավ ակադեմիական առաջադիմության, կրթական հաստատության դրական բնութագրի, արտաուսումնական ակտիվության հիման վրա», – կիսվում է ուսանողուհին:

Ֆինանսական առումով, 70%-ոց դրամաշնորհը ընդունելի էր ընտանիքի համար, քանի որ հակառակ դեպքում նա պետք է ընդունվեր Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան, և մոտավորապես նույնքան գումար էր ստացվում: Եթե Սիրուշիկն այս տարի լավ առաջադիմություն ցուցաբերի, ապա դրամաշնորհը կդառնա 100%-ոց, կավելանա նաև կրթաթոշակը:

Սիրուշիկն այն մասին, որ իր ուսումը լինելու է առցանց, իմացավ ընդունվելու լուրն իմանալուց մի քանի օր անց:

китай3

«Երբ ես ընդունվել էի, ես չգիտեի, արդյո՞ք առցանց կլինի՝ 50/50 էր: Հունիսի վերջին ես վիզայի հրավեր ստացա, և մի քանի օր անց ինձ գրեցին, որ առցանց ուսուցումը լինելու է մինչև դեկտեմբեր: Ես իսկապես անհամբեր սպասում էի այդ ուղևորությանը և շատ վշտացա», – խոստովանում է Սիրուշիկը և ավելացնում, որ եթե քույրը չլիներ, դժվար թե նա համարձակվեր միայնակ ընդունվել Չինաստանում, և ծնողները նրան չէին թողնի մեկնել:

Այս պահին նրա ուսումը հիշեցնում է Վրաստանի բուհերի զրոյական կուրսին: Նա դեռ սովորում է չինարենը, այն դասավանդվում է անգլերենով, իսկ 3 ամիս անց դասերն արդեն ամբողջությամբ պետք է անցնեն չինարենի: Նա արդեն հանդիպել է իր համակուրսեցիների, դասախոսների հետ, աղջիկը շատ սպասելիքներ ունի Չինաստանում իրեն սպասվող կյանքից:

«Գնալ, տեսնել այնտեղի ուսանողներին, հատկապես չինացիներին: Ես արդեն շփվում եմ համակուրսեցիների հետ, շատ եմ ուզում նրանց տեսնել իրական կյանքում, ինչպես և իմ դասախոսներին, նրանք շատ լավն են: Ակնկալում եմ, որ կունենամ շատ նոր ծանոթություններ, կընդլայնեմ մտածողությունս, քանի որ ես կհանդիպեմ այլ մարդկանց, գաղափարների, նոր մշակույթի: Նաև նրանց ուտեստներն եմ շատ ուզում փորձել», – կիսվում է նա:

Միևնույն ժամանակ, նրան ամենից շատ վախեցնում է այն, որ նա չի կարողանա հասկանալ տեղացիներին: «Օրինակ, կան սմայլիկներ, որոնք իրենց համար բոլորովին այլ բան են նշանակում: Ես մեկ սմայլ ուղարկեցի ուսուցչին, պարզվեց, որ իրենց մոտ դա նշանակում է՝ ես ուզում եմ քեզ սպանել», – ծիծաղում է աղջիկը:

Նախապատրաստական կուրսից հետո Սիրուշիկը պետք է ընտրի մասնագիտական թեքումը, որը դեռ չի որոշել: Բացի չինական համալսարանից, նրա ընտրությունը տատանվում էր Ռուսաստանի բժշկական համալսարանների միջև, ինչպես նաև Երևանի: Աղջիկը դեռ նրանցից պատասխան չունի:

Իմանալով աղջկա ընդունելության լուրը՝ նրա բոլոր հարազատները հոգաչափ ուրախ էին, բացի տատիկից: «Նա ասաց, թե այդ ու՞ր եք գնում: Ես հիմա առցանց եմ սովորում, իսկ նա շատ ուրախ է»:

Սիրուշիկը իր ընտանիքից երկարատև բաժանմանը պատրաստ է, չնայած նախատեսում է ամռանն այցելել Ախալքալաք: «Ես ընկերուհիներիս առաջարկեցի փորձել բոլորով միասին ընդունվել: Նրանք որոշեցին ռիսկի չդիմել, երբ ես ընդունվեցի, նրանք շատ ուրախացան, ասացին, որ շատ լուսանկարներ ուղարկեմ: Իհարկե, բաժանվելու միտքն ինձ տխրեցրեց»:

Սիրուշիկը չի պլանավորում մնալ Չինաստանում, բայց և վերադառնալ Ախալքալաք նույնպես չի ցանկանում: Նա համակերպվել է առցանց ռեժիմի հետ և հույս ունի, որ գոնե առաջին կուրսում առկա դասախոսությունները կվերականգնվեն:

Ամալյա Բաբայան