«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը: Այս մասին հաղորդել է «Trend» լրատվական գործակալությունը՝ հենվելով AZAL-ի տեղեկատվության վրա:

Հայաստանի օդային տարածքն օգտագործվում է Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթներն իրականացնելու համար։

«Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, որը համապատասխանում է սահմանամերձ բոլոր երկրների շահերին։ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի այս ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաև թռիչքի ընթացքում վառելիքի սպառման նվազմանը», – ասված է AZAL-ի հաղորդագրությունում:

Նշվում է, որ այսուհետ տվյալ թռիչքը կատարելիս AZAL-ը կարող է օգտվել առկա բոլոր օդային միջանցքներից, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով անցնողներից, հավելվում է հաղորդագրությունում։ Հայկական կողմն այս կապակցությամբ առայժմ որևէ բան չի հաղորդել։

Ադրբեջանն ու Հայաստանը պաշտոնապես չեն փակել իրենց օդային տարածքը երկու երկրների ավիաընկերությունների համար, հստակեցնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը: Այդուհանդերձ, 1990-ականների սկզբից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, ադրբեջանական ավիափոխադրողները չեն օգտագործել Հայաստանի օդային միջանցքները, իսկ հայկականները՝ Ադրբեջանի օդային տարածքը: