Ախալքալաքում, ոռոգման սեզոնի հետ, ջրի խողովակներում ճնշումը նվազել է: Բոլոր տներում ջուրը սկսել է հոսել բարակ շիթով, բայց այն վայրերում, որտեղ ջրամատակարարման համակարգում խնդիրներ կան, ճնշումն այնքան է իջել, որ նույնիսկ պոմպերի օգնությամբ չեն կարողանում տաք ջրից օգտվել, նման շեքերից է նախկին զինվորական ավանի թիվ 488 բարձրահարկ շենքը։
Արդեն մեկ ամիս է Ախալքալաքի թիվ 488 շենքի բնակիչները կրկին խիստ սահմանափակ վիճակում են, կենցաղում, ջրի օգտագործման հարցում։ Որքան բարձր է հարկը, այնքան ավելի զգալի է խնդիրը: Առաջին հարկերում բարակ շիթով է հոսում, սակայն ջրատաքացուցիչները նույնիսկ պոմպն օգտագործելու դեպքում հնարավոր չէ օգտագործել, իսկ վերին հարկերում առանց պոմպի ջուրն ընդհանրապես չի բարձրանում օրվա մեծ մասի ընթացքում։
Ջրային ռեսուրսներով հարուստ Ախալքալաքի մունիցիպալիտետում, թվում է, թե խմելու ջրի խնդիր չպետք է լինի, սակայն ձմռան և ամռան ամիսներին ինչպես Ախալքալաքի բնակիչների տներում, այնպես էլ բազմաթիվ գյուղերում ջուրը չի հոսում այն պատճառով, որ ոմանք խմելու ջուրն օգտագործում են այգիներն ու բանջարանոցներն ոռոգելու նպատակով, իսկ որոշ տեղերում՝ նույնիսկ դաշտերը։ Ջրի պակասը հատկապես զգում են քաղաքի բազմահարկ շենքերի բնակիչները։
Նախկին զինվորական ավանի թիվ 488 շենքում ջրի ճնշումն այնպես էլ թույլ էր։ Երկու տարի առաջ, հարեւան շենքի ջրամատակարարման համակարգի վերականգնումից հետո, թիվ 488 շենքի բնակիչների ջրի ճնշումը կտրուկ իջավ։ Վրաստանի միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոն շենքի բնակիչների բազմաթիվ բողոքները ոչնչի չհանգեցրին։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնից ասում են, որ ջրի սպառումն ավելացել է, ուստի ջուրը չի հերիքում։ Եվ նաև, որպես մխիթարություն, սպառողներին տեղեկացնում են, որ 3 տարի հետո քաղաքի ողջ ջրամատակարարման համակարգը կնորոգվի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։
Jnews-ը զանգահարեց Միավորված ջրամատակարարման մամուլի ծառայություն, որտեղից մեզ պատասխանեցին հետեւյալը.
«Մենք կապվել ենք Ախալքալաքի գրասենյակի հետ, մեզ պատասխանել են, որ խնդիրը ոչ թե ծառայության սպասարկման մեջ է, այլ նրա մեջ, որ այլ վայրերում շատ ջուր են օգտագործում, ուստի քաղաքում ջուրը պակասել է»։