Հասարակություն 1 Մարտի, 2023 • Ուժեղացված վերահսկողություն. գյուղերում տեսախցիկներ կտեղադրվեն

Ախալքալաքի քաղաքապետարանը ուժեղացված վերահսկողություն կիրականացնի քաղաքում և գյուղերով: Նախատեսվում է թվով 35 տեսախցիկ տեղադրել այն վայրերում, որտեղ հանրային գույք կա:

Տեղական ինքնակառավարման մարմինները Ախալքալաքի բյուջեից 25 500 լարի են հատկացրել տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման համար:

Ինչպես Jnews-ին հայտնեց քաղաքապետ Մելքոն Մակարյանը, տեսախցիկներ տեղադրելու գաղափարը քաղաքապետարանին է եղել:

«Ելնելով այն բանից, որ շրջանում տարեցտարի ավելանում են նոր զբոսայգիները, կանաչ գոտիները, մարզվելու վայրերը, քաղաքապետարանը նախաձեռնեց տեսախցիկներ տեղադրել քաղաքում և գյուղերում», — ասաց քաղաքապետը:

Տեսախցիկներ կտեղադրվեն նաև այն գյուղերում, որտեղ աղբամաններ կան տեղադրված, քանի որ հաճախակի են լինում այնպիսի դեպքեր, երբ ջարդում են աղբամանները:

«Օրինակ՝ Իխտիլայից մինչև Բեժանո գյուղ ընկած ճանապարհին տեղադրված աղբամանները ջարդել են: Ոստիկանությունում գործն ընթացքի մեջ է, սակայն ոչ մի բան չի պարզվում։ Մեր գույքը պահելու համար սկսած գյուղերից, վերջացրած քաղաքից ամեն տեղ տեղադրելու ենք, որ ունենանք վերահսկողություն», — հավելեց քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

Միաժամանակ վերջինս ավելացրեց, որ դեռ որոշում չկա, թե կոնկրետ ո՞ր գյուղում և քանի՞ տեսախցիկ է տեղադրվելու: Քաղաքապետարանը հանդիպում կկազմակերպի գյուղերի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կքննարկեն և որոշում կկայացնեն:

Տեղական բյուջեի միջոցներով տեղադրված տեսախցիկների վերահսկողությունը կիրականացնի քաղաքապետարանը:

«Ինչքան տեսախցիկ կա տեղադրված մունցիպալ գումարով, դրանց վերահսկողությունը քաղաքապետարանն է իրականացնում: Մեր գույքը մենք ենք տնօրինում: Եթե քաղաքում ինչ-որ դեպք է լինում ու ոստիկանությունը հետաքրքրվում է, ապա առանց մեր համաձայնության, առանց տարածքի ներկայացուցչի համաձայնության ոչ մի տեսախցիկ չի բացվում», — եզրափակեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

Առաջիկայում տեսախցիկների ձեռքբերման համար էլեկտրոնային մրցույթ կհայտարարվի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝