Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղի բնակչուհի Սոնյա Բագրատունյանը դժգոհում է, որ Ախալքալաք-Կարծախ ճանապարհով ծանր բեռնատարների շարժումը քանդում է իր տունը։ Սոնյա Բագրատունյանը խնդրում է, որ իր տունը համարեն վթարային և միջոցներ հատկացնեն նոր տուն գնելու համար։

Սոնյա Բագրատունյանի տունը գտնվում է մայրուղուց 4 մետր հեռավորության վրա։ Երբ ճանապարհով անցնում են մեծ բեռնատարներ, տունը ցնցվում է, ասես երկրաշարժ լինի։

acareni dom3

Ճանապարհի կառուցումից հետո տան վիճակը սկսել է վատանալ։ Իսկ բեռնատարների ամեն օր ավելացող հոսքի հետ, վիճակը շարունակում է վատանալ, պատերի ճաքերն ավելանում են։

acareni dom1

Սոնյա Բագրատունյանի խոսքով, իրենք տանը վախով են ապրում։

«Ես վեր եմ թռնում և դուրս փախչում տնից, իսկ գիշերը կանգնում եմ դռան տակ, որ եթե այն քանդվի, փլատակների տակ չմնամ»,- ասում է նա։

Սոնյան խնդրում է, որ պետությունը միջոցներ հատկացնի նոր տուն գնելու համար։
Նշենք որ, երկու-երեք րոպեն մեկ ճանապարհով անցնում են մեծ, բեռնված բեռնատարներ:

Բագրատունյանների տունը կառուցվել է 1954 թվականին, տան տանիքը էրդիկ է, ավերված են մառանը, անասնագոմը, պատերը ճաքճքված են, առաստաղը կաթում է։

acareni dom2

Սոնյան երեք որդի ունի, երկուսն այլ քաղաքում են ապրում, նա ապրում է 40-ամյա որդու հետ, որին մեր այցելության ժամանակ չտեսանք։ Նա հովիվ է։ Սոնյայի խոսքով, որդիները ֆինանսապես չեն կարող օգնել։

Սոնյան 65 տարեկան է, առողջական խնդիրներ ունի, ամեն ամիս Թբիլիսի բժշկի է գնում։

Նա ասաց, որ մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան, զանգահարել 112, նամակ գրել ճանապարհային վարչություն։

Կարծախ գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ Գաբրիել Կարապետյանը մեզ հայտնեց, որ 8 ամիս առաջ քաղաքապետարանի հանձնաժողովն այցելել է Բագրատունյանների տուն։

« Իր հնարավորության սահմաններում քաղաքապետարանն առաջարկեց օգնել, բայց Բագրատունյանների ընտանիքը մերժեց, քանի որ շատ գումար էին ուզում, իսկ քաղաքապետարանն ավելին չի կարող տրամադրել։ Չեմ կարող ասել, թե որքան են առաջարկել, բայց մերժել են։ Այն, որ տունը վթարային է հանձնաժողովը հաստատեց, կարծում եմ, որ պետք է ինչ-որ կերպ օգնել նրանց»,- ասաց Գաբրիել Կարապետյանը։

Ճանապարհային վարչությունից ստացված պատասխան գրության մեջ, որը ստացել են այս տարվա մարտին, ասվում է, որ այդ հատվածում ճանապարհի վերակառուցում չի նախատեսվում, և ճանապարհի կառուցումը չի կարող վնասել Բագրատունյանների տանը։

pismo