Բարալեթ և Իխտիլա գյուղերի բնակիչները բողոքել են՝ Բարալեթ–Կաջո և Բարալեթ–Իխտիլա ճանապարհահատվածի անորակ իրականացված ասֆալտապատման աշխատանքներից: Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահն արձագանքելով բնակիչներին տեղում ուսումնասիրել է իրավիճակը, որից հետո ասֆալտապատման աշխատանքները կատարած ընկերությունը շտկել է բացթողումերը:

«Բազմաթիվ բողոքների պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը պատգամավորների հետ միասին տեղում ծանոթացան ստեղծված իրավիճակին և ուսումնասիրեցին անորակ ասֆալտապատված տվյալ ճանապարհահատվածը։ Պարզվեց, որ Բարալեթ–Իխտիլա ճանապարհահատվածը վերանորոգող ՍՊԸ «ՋավախԱվտոԳզան» անհապաղ արձագանքել է Ախալքալաքի մունիցիպալիտետի իշխանությունների կոչին՝ ուղղել անորակ կատարված աշխատանքները և վերանորոգել է բոլոր վնասված ճանապարհահատվածները»,- այս մասին տեղեկացնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

janaparh

Բարալեթ-Կաջո ճանապարհի ասֆալտապատումն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում, 2018 թվականին կառուցվել է Բարալեթ-Կաջո ճանապարհահատվածը: Ընդհանուր առմամբ ծախսվել է 494 038 լարի, որից 400 000 լարին պետական հատկացում է եղել, իսկ մնացած 94 038 լարին տեղական բյուջեի:

Բարալեթ-Կաջո ճանապարհի ասֆալտապատման երկրորդ փուլը՝ Կաջո գյուղից մինչև Ալաթուման կազմում է 583 400 լարի, որից 470 000 լարին պետական բյուջեից է հատկացվել, իսկ մնացած 113 400 լարին տեղական:

«Իսկ Բարալեթ–Կոչիո ճանապարհի հետ կապված, որի տենդերը շահել է «Արալի» ընկերությունը, տեղեկացրին, որ նշված հատվածում այժմ ընթանում են Կոչիո-Ալաթուման ճանապարհաշինարարական աշխատանքները ծանր տեխնիկայի տեղաշարժմամբ և տվյալ աշխատանքները ավարտվելուն պես կսկսեն Բարալեթ–Կոչիո ճանապարհի վերանորոգումը»,- նշված է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: