Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատել է Գումբուրդո (վրաց. Կումուրդո) գյուղում մունիցիպալ սեփականություն հանդիսացող հողամասը փոխանցելու մասին որոշումն՝ ամբուլատորիայի կառուցման համար։

Գումբուրդո գյուղում 348 ք/մ մակերեսով հողատարածքը փոխանցվում է պետական հաշվեկշիռ։ Հետագայում հողամասը պետք է փոխանցվի Վրաստանի բժշկական հոլդինգի հաշվեկշռին, որը պետք է դրա վրա ամբուլատորիա կառուցի։

Սակրեբուլոյի պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչ ճակատագիր են ունեցել արդեն փոխանցված ամբուլատորիաները։ 1 տարուց ավելի է ամբուլատորիաները փոխանցվում են Հոլդինգին, սակայն դրանց աշխատանքը տեղում դեռ տեսանելի չէ։

«Ես նույն պատասխանն ունեմ, ինչ նախորդ ամիս: Իրենք իրենց ծրագիրն ունեն, առաջ են շարժվում ըստ ծրագրի, որ ամբուլատորիան է, որտեղ է կառուցվելու: Նախապես նրանք պետք է, որ իրենք ունենան բոլոր տարածքները։ Եթե Կումուրդո գյուղում ամբուլատորիայի համար հող են ուզում, ուրեմն պետք է հողն ունենան, որպեսզի իմանան՝ ինչ նախագիծ կազմեն»,- պատասխանեց Ախալքալաքի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։

«Վրաստանի բժշկական հոլդինգը» նախատեսում է նոր բժշկական կենտրոն կառուցել Կումուրդո գյուղում։ Ավելի վաղ՝ ապրիլի 18-ին, Հոլդինգի ներկայացուցիչները տարածքի չափագրումներ էին իրականացրել։

Ներկայումս Գումուրդոյում գործում է բժշկական կենտրոն, սակայն այն չունի ոչ մի հարմարություն։ Փոխանցվող հողամասում շինություն կա, բայց այն չի փոխանցվի հողատարածքի հետ։

Հիշեցնենք, որ այսօրվա տվյալներով «Վրաստանի բժշկական հոլդինգին» է փոխանցվել 13 բժշկական կենտրոն կամ տարածք՝ Մաջադիա, Դիլիսկա, Զագ, Ղադոլար, Արագվա, Տուրցխ, Ազավրեթ, Բարալեթ, Գոգաշեն, Էխտիլա, Ալաստան, Կարտիկամ և Ալաթուման գյուղերում։ Իսկ այժմ կփոխանցվի նաև տարածքը Գումուրդոյում։

Հատկանշական է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում աշխատում է 46 բուժքույր և 23 բժիշկ։ Բժշկական կենտրոններ կան՝ Սուլդա, Ազավրեթ, Բեժանո, Ալաստան, Բարալեթ, Դիլիսկա, Վաչիան, Գումբուրդո, Չունչխա, Խանդո, Տուրցխ, Արագվա, Չամդուրա, Զակ, Կարտիկամ, Ղադոլար գյուղերում։ Որոշ բուժկետերում չկա կահույք և էլեկտրականություն:

Գյուղական ամբուլատորիաները մունիցիպալիտետից պետությանը, ապա Հոլդինգին փոխանցելու գործընթացը սկսվել է 2023 թվականին: Ախալքալաքի մունիցիպալիտետն արդեն փոխանցել է 16 բուժամբուլատորիաներից 13-ը։

Լուսանկարը Jnews-ի արխիվից