«Վրաստանի բժշկական հոլդինգը» նախատեսում է նոր բուժկետի կառուցում մունիցիպալիտետի Գումբուրդո գյուղում։ Քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ նրանք ապրիլի 18-ին ուսումնասիրել և չափագրել են տարածքը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և ունեցվածքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը նույնպես հոլդինգի ներկայացուցիչների հետ գտնվում էր Գումբուրդոյում։

Մեզ հետ զրույցում նա ասաց. «Բուժկետը կառուցվում է հոլդինգի ֆինանսանական միջոցներով, մեզանից հասնում է հողը տրամադրել։ Հողը կարող է լինել թե մունիցիպալ, թե պետական։ Դեռ ընթանում է հողերի գծագրման գործընթացը, այնուհետև՝ կսկսեն կառուցման գործընթացը, դրա համար կոնկրետ չենք կարող ասել, թե երբ կսկսվի աշխատանքները»։

Ներկա դրությամբ Գումբուրդոյում բուժկետ կա, սակայն հարմար չի բնակիչների համար, ինչպես նաև հարմարություններ չունի։

Մնացականը նաև նշեց, որ շրջանում կան այնպիսի բուժկետեր, որոնք ունեն վերանորոգման կարիք, դրանք պետք է վերանորոգվի հոլդինգի կողմից, նորերը նույնպես կկառուցվի հոլդինգի միջոցներով։

Գումբուրդո գյուղի պատգամավոր Արամաիս Զաքարյանն ասաց․

«Ուզում ենք նոր բուժկետ կառուցել, մենք գյուղում իրոք զգում ենք չափանիշներին համապատասխան բուժկետի կարիք, գիտեք գյուղն էլ մեծ գյուղ է, իհարկե՝ պահանջը կա։ Գյուղում ունենք նաև բուժքույր, ով աշխատում է հիմա, սակայն այդ շենքը շատ հին է, և չկան նորմալ պայմաններ»։

Հիշեցնենք, որ այսօրվա տվյալներով՝ Մաջադիա, Դիլիսկա, Զակ, Ղադոլար, Արագվա, Տուրցխ, Ազավրեթ, Բարալեթ, Գոգաշեն, էխտիլա, Ալաստան, Կարտիկամ, Կումուրդո և Ալաթուման գյուղերի բուժկետերը փոխանցվել են «Վրաստանի բժշկական հոլդինգին»։

Հատկանշական է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում աշխատում է 46 բուժքույր և 23 բժիշկ։ Բուժկետեր են գործում Սուլդա, Ազավրեթ, Բեժանո, Ալաստան, Բարալեթ, Դիլիսկա, Վաչիան, Կումուրդո, Չունչխա, Խանդո, Տուրցխ, Արագվա, Չամդուրա, Զակ, Կարտիկամ, Ղադոլար գյուղերում։ Որոշ բուժկետերում չկա գույք և էլեկտրականություն։