2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով վրացական անձնագիրը Henley & Partners խորհրդատվական ընկերության ինդեքսում զբաղեցրել է 44-րդ տեղը։
Ցուցանիշը դասակարգում է 199 երկրների անձնագրերը՝ ըստ առանց վիզայի ուղղությունների քանակի, որոնք հասանելի են դրանց սեփականատերերին այցելությունների համար։ Վարկանիշը հենվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) տվյալների վրա։
Վրացական անձնագիրը հունվարի վարկանիշի համեմատ ինդեքսով բարձրացել է վեց հորիզոնականով։ Այն ժամանակ նա զբաղեցնում էր 50-րդ հորիզոնականը։
Ներկայումս վրացական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի այցելել 122 վայր։ Հունվարին դրանք 121-ն էին։
Վրաստանը Մոլդովայի հետ կիսում է 44-րդ տեղը, վերջինիս քաղաքացիների համար ևս հասանելի են 122 առանց վիզայի այցելության վայրեր:
Վարկանիշում Վրաստանի հարևաններն են՝ Ռուսաստանը և Թուրքիան (45-րդ տեղ, 116 ուղղություն), ինչպես նաև Ալբանիան ու Բոսնիա և Հերցեգովինան (43-րդ տեղ, 123 ուղղություն):
Հարավային Կովկասի ևս երկու երկրներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, զբաղեցնում են համապատասխանաբար 78-րդ և 69-րդ տեղերը։
Ցուցանիշի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Սինգապուրի անձնագիրը։ Դրա տերերն առանց թույլատրող փաստաթղթերի կարող են այցելել 195 երկիր։
Լավագույն քսանյակում տեղերը կիսում են մի քանի պետություններ, հիմնականում՝ Եվրամիության: Ներառված է նաև Ճապոնիայի (երկրորդ տեղ), Հարավային Կորեայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի (համապատասխանաբար երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղ), Կանադայի (յոթերորդ տեղ) և արևմտյան այլ երկրների անձնագրերը։
ԱՄՆ անձնագիրն ութերորդն է (186 ուղղություն): Ուկրաինականը 30-րդ տեղում է(148 ուղղություն):
Henley & Partners-ի վարկանիշային աղյուսակում վերջին տեղը զբաղեցնում է աֆղանական անձնագիրը։ Դրա սեփականատերերը կարող են առանց վիզայի այցելել 26 ուղղություններ։