Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Վրաստանի պարտաստակամությունը շարունակելու իրականացնել միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այդ հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Խոսվել է անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի և տարածաշրջանում ու աշխարհում առկա մարտահրավերների մասին։ Վարչապետը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս միջնորդի դեր կատարել հարևան երկրների միջև՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար»,- ասված է կառավարության հայտարարության մեջ։
Հայտարարությում կարդում ենք, որ նախորդ հինգշաբթի օրը միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ Ղարիբաշվիլին ևս նշել է, որ Վրաստանը նախաձեռնություն ունի ստեղծելու խաղաղ հարևանության հարթակ։ Նրա խոսքով՝ նոր ձևաչափը չի փոխարինի գոյություն ունեցող մյուս հարթակներին և նախաձեռնություններին, այլ հակառակը, «կօգնի էլ ավելի ամրապնդել երկարաժամկետ խաղաղության ու տարածաշրջանում կայունության հաստատման հնարավորությունները»։
Նախկինում Վրաստանը մեկ անգամ չէ, որ միջնորդի դեր էր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այսպես, վրացական միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 15 գերեվարված զինծառայողի, իսկ Երևանը Բաքվին էր ուղարկել ականապատ դաշտերի քարտեզները։ Միջնորդության ևս մեկ օրինակ դարձավ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը Թբիլիսիում կայացավ 2022 թվականի հուլիսի 16-ին։