Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրուցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հնարավորությունները։

Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ․ ծրագիրը։

Հանդիպման արդյունքներով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Այսօր հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի միջև:

Gharibashvili, Pashinyan

Ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել է հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը Հայաստան-Վրաստան գործընկերության կարևորագույն բաղադրիչներից է և կարևոր համարել այսօր երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020 թ․ծրագրի ստորագրումը:

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ուրախ է կրկին այցելել բարեկամ Հայաստան, որի հետ Վրաստանը սերտ բարեկամական հարաբերություններ և ամուր գործընկերություն ունի: Նա գոհունակություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի հետ համագործակցության, նաև այսօր կայացած հանդիպման կապակցությամբ և կարևորել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020 թ․ծրագրի ստորագրումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ հայ-վրացական պաշտպանական փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրներին և ժողովուրդներին միավորում են պատմամշակութային դարավոր կապերը և քրիստոնեական արժեհամակարգը, որոնք ամուր հենք են բարեկամական համագործակցության խորացման և սերտացման համար:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին՝ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել հակամարտությունների խաղաղ կարգավորման, այդ ուղղությամբ փոխադարձ ջանքերի կարևորության շուրջ:

Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: