«Վրաստանի մշակույթի և զբոսաշրջային ռեսուրսների հետազոտական կենտրոն» արշավախմբի անդամները Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղում 19-րդ դարի հայկական եկեղեցում հայտնաբերել են ենթադրաբար 984 թվականին թվագրվող քար՝ վրացերեն հինգ տողանոց արձանագրությամբ։ Տեքստում հիշատակվում են Բագրատ Կուրապալատը և Իոնե Նաթլիսմցեմելին։ 10-րդ դարի քարը տաճարի արևելյան մասում է տեղադրված։
Ագանայի եկեղեցին փլուզման եզրին է, գյուղացիները մեծ ցանկություն ունեն եկեղեցին կանգուն տեսնելու։ Ագանայի հայկական եկեղեցին մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ ունի։
«Վրաստանի մշակույթի և զբոսաշրջային ռեսուրսների հետազոտական կենտրոնը», «Պատմական Մեսխերի մշակութային հուշարձանների նկարագրություն» երեքամյա նախագիծ է իրականացնում՝ որի շրջանակներում յուրաքանչյուր գյուղի հուշարձան արձանագրում ու նկարագում են։ Ներառյալ նաև, թե ինչպես են տեղացիներն անվանում մատուռները, աղոթատեղիները, նորակառույց եկեղեցիները։ Այն ամեն ինչը, որը կապ ունի մարդկանց մշակույթի և հավատի հետ։ Անցած տարի աշխատանքներ են իրականացրել Ասպինձայում, Ախալցիխեում և Ադիգենում, իսկ այս տարի՝ Ախալքալաքում և Նինոծմինդայում, մյուս տարի արդեն կսկսեն Բորժոմիում ուսումնասիրել մշակութային հուշարձանները։
Ախալքալաքում կատարած հետազոտությունների ընթացում Ագանա գյուղի հայկական եկեղեցում հայտնաբերել են հավանաբար 984 թվականին թվագրվող՝ վրացերեն հինգ տողանոց արձանագրությամբ քար։
«Մենք իրականացնում ենք Ջավախեթիի մշակութային ժառանգության նկարագրությունն ամբողջությամբ և, իհարկե, չենք առանձնացնում ոչ ժամանակահատվածը, ոչ պատկանելիությունը։ Ներառում ենք յուրաքանչյուր տեսակի եկեղեցի, հուշարձան, այդ թվում նաև՝ նոր հուշարձանները, խաչքարները։ Կատալոգ ենք պատրաստում։ Հայկական եղեկեցին տեսնելու համար գնացինք Ագանա գյուղ։ Այնտեղ մենք տեսանք քար, որի վրա գրություն կա։ Այնուհետև մեր պալեոգրաֆը (Խմբ․՝ պալեոգրաֆը գիտնական է, ով ուսումնասիրում է հին կամ պատմական ձեռագիրն ու գիրը) եկավ և տեղում՝ տեղի բնակիչների և գյուղի ներկայացուցչի ներկայությամբ, սկսեց արձանագրության կրկնօրինակն անել և ըստ սկզբնական տեղեկության, որը կարող եմ ասել, արձանագրությունը 10-րդ դարի է։ Ուղիղ 984 թվական է գրված, ժամանակագրված արձանագրություն է և հիշատակվում է միացյալ Վրաստանի թագավոր Բագրատ 3-րդ Կուրապալատը և Իոնե Նաթլիսմցեմելին», – ասաց «Վրաստանի մշակույթի և զբոսաշրջային ռեսուրսների հետազոտական կենտրոնի» հետազոտող Անա Իմեդաշվիլին։
Վերջինս նշում է՝ այժմ աշխատանքներ են տարվում արձանագրության վրա։ Քարը վնասված է և բավականին շատ աշխատանք կա անելու, որպեսզի հնարավորինս կարողանան վերականգնել գրությունը։
JNEWS-ի հարցին, թե ի՞նչ ապագա է սպասվում քարին, Անան պատասխանեց, որ Մշակույթի նախարարությունը պետք է որոշի։
«Մենք քաղաքացիական կազմակերպություն ենք, և իրականացնում ենք կոկրետ նախագիծ։ Մենք նկարագրել ենք, տարածել տեղեկություն, բայց որոշում մենք չենք կարող ընդունել, թե այսպես ասած ինչ բախտի կարժանանա քարը։ Ինչպես մեզ ասացին գյուղի բնակչները, նրանք շատ են ուզում եկեղեցին վերականգնել, քանի որ գյուղում այլ եկեղեցի կամ աղոթատեղի չունեն։ Ինչպես գյուղի ներկայացուցիչն ասաց, այդ ուղղությամբ սկսել են աշխատանքները։ Նշենք նաև, որ այդ եկեղեցին ունի հուշարձանի կարգավիճակ և ամեն ինչ պետք է իրականացվի մշակույթի նախարարության թույլտվությամբ։ Հնարավոր է եկեղեցում մնա այդ քարը, եթե իհարկե պաշտպանված և ապահով լինի, կամ տեղափոխեն տեղի թանգարան։ Այդ ամենը պետք է գնահատեն, որոշեն համապատասխան մասնագետները, և տեղի բնակիչների հետ միասին որոշում կայացնեն», – ասաց Անա Իմեդաշվիլին։
Ագանա գյուղի ներկայացուցիչ Արշալույս Գալուստյանն ասաց, որ իրենք արդեն ստացել են եկեղեցին վերականգնելու թույլտվություն։
«Իհարկե, մենք ունենք նպատակներ մեր եկեղեցին վերականգնելու, ստացել ենք համապատասխան թույլտվությունը։ Ինչ վերաբերվում է հայտնաբերված քարին, ապա դա նոր հայտնագործում էր բոլորիս համար, մենք տեղյակ չէինք, որ այդ հատվածում այդպիսի արձանագրությամբ քար կա։ Եկեղեցին քանդված վիճակում է, բոլորս ուզում ենք կանգուն տեսնել մեր եկեղեցին», – ասաց Արշալույս Գալուստյանը։
«Վրաստանի մշակույթի և զբոսաշրջային ռեսուրսների հետազոտական կենտրոն» արշավախմբի անդամները ուսումնասիրել են Ախալքալաքի և Ասպինձայի մունիցիպալիտետի մինչև 50 գյուղ։ Արձանագրել և նկարագրել են շուրջ 160 մշակութային հուշարձան կամ առանձին արտեֆակտ, բացի այդ՝ արձանագրել են շուրջ 35 վրացերեն և մոտ 20 հայերեն արձանագրություն։ Դրանց թվում եղել է մոտ 60 եկեղեցի, 3 վանք, մինչև 30 փոքր մատուռ, 5 ամրոց/աշտարակ, մինչև 30 չոր շենք, 2 մզկիթ և մինչև 30 առանձին արտեֆակտ:
«Ուսումասիրությունների ընթացքում տեսնում ենք, որ հիմնականում հայկական գրություններով եկեղեցիները կառուցված են 19-րդ դարում։ Հանդիպում են ինչպես վրացական, այնպես էլ հայկական գրություններով քարեր, որոնք եկեղեցիների պատերի մեջ են տեղադրված։ Ընդհանրապես քանդված եկեղեցիների քարերը օգտագործում էին նոր եկեղեցի կառուցելուց։ Եվ փորձում էին տեղադրել էին այնպիսի տեղ, որ տեսանելի լինի։ Ագանայի եկեղեցու հարավային պատի առաջին շերտի վրա, պատի մեջ կա շատ մեծ կարմիր գույնի ոչխարի պատկերով քար, այսինքն՝ գերեզմանաքար է օգտագործված», – ասաց հետազոտող Անա Իմեդաշվիլին։
Անան նշում է նաև, որ բացի Ագանա գյուղից հետաքրքիր քարեր կան Տուրցխ գյուղի եկեղեցու արևմտյան պատին, երկու հայկական մեծ խաչքար։ Այդ խաչքարները, ինչպես նրանց տեղեկացրել են տեղի բնակիչները, Էրզրումից գաղթած հայերն են բերել իրենց հետ, որպես հիշողություն և իրենց այնտեղի գյուղի սրբություն։ Խաչքարները ավելի վաղ ժամանակվա են, քան եկեղեցին։