Փետրվարի 8-ին «Ջավախք» պարային համույթը Քութաիսիում պետք է մասնակցեր երաժշտական և պարային միջոցառման, սակայն, քանի որ ճանապարհին սնունդ ապահովող ընկերությունը դեռ պարզ չէր, համույթը հրաժարվեց մասնակցությունից և փոխարենը մասնակցեց Վաչիանի պարային խումբը։

«Սննդամթերքի տենդերը շահող կազմակերպությունը դեռ պարզ չէր, դրա համար էլ մասնակիցներին ճանապարհին սննդով չկարողացանք ապահովել», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդական հարցերով ծառայության ղեկավար Վալերի Ստելմաշովը։

Վաչիանի պարային խումբը միջոցառումից միայն երկու օր առաջ է իմացել, որ «Ջավախք» պարային անսամբլի փոխարեն մասնակցելու է համերգի:

«Մեզ համար մասնակցությունը անսպասելի էր, սակայն մասնակիցները համաձայնվեցին պայմաններին և որոշեցինք մեկնել միջոցառմանը», – մեզ հետ զրույցում ասաց Վաչիան պարային խմբի ղեկավար Նասլետ Քեյանը։

Վաչիանի պարային համույթը միջոցառմանը միակ հայկական խումբն է եղել։ Համույթի մասնակիցները միջոցառման ավարտին ստացել են անհատական շնորհակալագրեր։

«Երեխաները արդեն գիտեին, որ ճանապարհի և սննդի հարցերը պետությունն է հոգում, սակայն երբ իմացան, որ սնունդը պետք է իրենց հաշվին լինի, չցանկացան մասնակցել, բավականին գումար է հարկավոր սննդի համար։ Գնալուց և գալուց պետք է սնվեն, և հետո, մենք արդեն սովոր ենք, ամեն անգամ ռեստորան գնալ», – համույթի միջոցառումից հրաժարվելու մասին ասաց Ախալքալաքի մշակույթի տան վարիչ Ալիկ Քսպոյանը։

Ջուլիետա Տոնականյան