Մրցույթի վիճակահանությունը կայացել է «Եվրատեսիլ 2024»-ը հյուրընկալող քաղաք Մալմյոյում, որտեղ հայտարարվել է, որ Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն կերգի երկրորդ կիսաեզրափակիչ շոուի երկրորդ կեսին։

Երկրորդ կիսաեզրափակչում Վրաստանի հետ միասին կերգի Ավստրիան, Մալթան, Շվեյցարիան, Հունաստանը, Չեխիան, Ալբանիան, Դանիան, Հայաստանը, Իսրայելը, Էստոնիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լատվիան, Սան Մարինոն և Բելգիան։

Ինչ վերաբերում է առաջին կիսաեզրափակիչ շոուին, այստեղ ելույթ կունենան Ուկրաինան, Կիպրոսը, Լեհաստանը, Սերբիան, Լիտվան, Խորվաթիան, Իռլանդիան, Սլովենիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Լյուքսեմբուրգը, Ավստրալիան, Ադրբեջանը և Մոլդովան։

Մեծ հնգյակի երկրները՝ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան և անցյալ տարվա հաղթողը՝ Շվեդիան ինքնաբերաբար կմտնեն եզրափակիչ։

Շվեդիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան կկարողանան քվեարկել առաջին կիսաեզրափակչում, իսկ Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան՝ երկրորդ կիսաեզրափակչում։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքի՝ Մալմյո Արենայում։