Հոկտեմբերի 9-ին Թբիլիսիում, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել հայ համայնքում ավանդական դարձած տոլմայի փառատոնը: Հայտնում է վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Փառատոնն իրականացվել է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ և Սբ. Գևորգ եկեղեցասեր կանանց ու «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ, Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Շահումյան, Կարմիր և Ախքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանի հանդիսապետությամբ և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի պատվավոր ներկայությամբ, կիրակնօրյա Սբ. Պատարագ է մատուցել արժ. Տեր Վիրապ քհն. Ղազարյանը:

Հավարտ Սբ. Պատարագի հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանն ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ Կոնդակը, որով Հայոց Հայրապետը բարձր գնահատելով Վան Բայբուրթյանի գործունեությունը և Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի խնդրանքի համաձայն՝ Վրաստանի հայալեզու «Վրաստան» թերթի խմբագիր, հասարակական, քաղաքական և համայնքային վաստակաշատ գործիչ, Հայոց եկեղեցու նվիրյալ հետևորդ, Վրաստանի և Հայաստանի պետական կառույցների, հոգևոր բարձրագույն ատյանների բազմակի անդամ, հայ-վրացական բարեկամության ջատագով, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Վան Բայբուրթյանին պարգևատրում է հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր՝ Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ շքանշանով:

Թեմակալ առաջնորդ Հայր Կիրակոսը շնորհավորել է Վան Բայբուրթյանին, բերելով իր օրհնությունը և Հայոց Եկեղեցու շքանշանով զարդարել արժանավոր հայորդու կուրծքը:

Օրվա տոնական տրամադրությունը շարունակվել է եկեղեցու բակում, որտեղ իրար կողքի շարված էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության, Սբ. Գևորգ եկեղեցասեր կանանց, թեմի «Հայարտուն» և Հովհ. Թումանյանի տուն» կենտրոններում և քաղաքում գործող այլ գեղարվեստական համույթների և բազում հավատյալների ներկայացրած տարբեր տեսակի բուրումնավետ տոլմայի շուրջ երեք տասնյակ կաթսաներ:

Հայր Սուրբի կողմից սեղանը օրհնելուց և մայր հայրենիքի պետական ներկայացուցչի շնորհավորանքից հետո ներկա հասարակությունը հյուրասիրվել է ազգային կերակրատեսակով:

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին և փառատոնի մասնակիցներին: