Ախալքալաքում տեղի է ունեցել զբաղվածության թեմայով տարածաշրջանային աշխատաժողով, որին մասնակցել են ակտիվիստներ Ախալքալաքից, Նինոծմինդայից և Ախալցիխեից, նաև ոչ կառավարական և բիզնես հատվածի ներկայացուցիչներ:

workshop

«Բաց սահմաններ», «Մեծահասակների կրթության կենտրոն», «Ախալքալաքի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպությունները «Քաղաքացիական հասարակության համար սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքին հավասար և լիարժեք մասնակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում ստեղծել են հարթակ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների համար՝ տարածաշրջանում արդիական տարբեր խնդիրների քննարկման համար: Այսօր տեղի ունեցավ ծրագրի շրջանակներում առաջին հանդիպումը՝ վորքշոփի (աշխատաժողով) ձևաչափով։

Աշխատաժողովի երեք նիստերում արծարծվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են աշխատանքային միգրացիան (խոպան), կրթական խնդիրները, չիրացված զբոսաշրջային ներուժը և գյուղատնտեսության զարգացման խնդիրները։

«Պլատֆորմը ստեղծվել է զբաղվածության թեմայով քննարկումներ, հանդիպումներ և ինտենսիվ տեղեկատվական արշավներ անցկացնելու և Սամցխե-Ջավախքում զբաղվածության մակարդակը բարձրացնելու հնարավորությունների շուրջ»,- մեկնաբանեց «Բաց սահմաններ» ՀԿ-ի տնօրեն Ռիմա Ղարիբյանը:

Այսօրվա հանդիպումից բացի, նախատեսվում է ապագայում անցկացնել կլոր սեղաններ և հանդիպումներ թոք-շոուի ձևաչափով։

«Այս հանդիպման արդյունքում մենք նախատեսում ենք այս քննարկումից հանել հիմնական պահերը, գտնել նրանց, ում կարելի է դիմել և առաջարկություններ անել, որպեսզի այս ոլորտներում ինչ-որ կերպ բարելավենք իրավիճակը»,- հավելում է Ռիմա Ղարիբյանը։

«Քաղաքացիական հասարակության համար սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքին հավասար և լիարժեք մասնակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագիրն իրականացվում է HEKS EPER կազմակերպության կողմից՝ Սամցխե-Ջավախքում և Քվեմո Քարթլիում: