Օթար Երանոսյանը ճանաչվել է միջազգային մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ, որին մասնակցում էին 50 մարզիկ` Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից:
Մարտի 17-18-ին, Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում կայացավ բռնցքամարտի մրցաշար նվիրված ուկրաինացի բռնցքամարտիկ, սպորտի վաստակավոր վարպետ` Անատոլի Պետրովին:
Այս մրցաշարում ախալքալաքցի բռնցքամարտիկ, Վրաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի հավաքականի անդամ Օթար Երանոսյանը ճանաչվեց մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ:
Մրցաշարին մասնակցում էին 50 մարզիկ Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից:
Օթար Երանոսյանը գրավել է առաջին տեղը և շատ գոհ է իր արդյունքներից:
«Թիմերը շատ ուժեղ էին: Մենք մինչ այս մրցաշարը նրանց հետ մասնակցել ենք ուսումնամարզական հավաքի, իսկ հետո այս մրցաշարում փորձեցինք մեր ուժերը: Ես ուրախ եմ, որ մրցել եմ լավագույն թիմերի հետ: Մինչ օրս ուկրաինական թիմն աշխարհում զբաղեցնում է` 2-3-րդ տեղը, իսկ Մոլդովայի թիմը Եվրոպական խաղերում գրավեց առաջին հորիզոնականը», – ասում է Օթար Երանոսյանը:
Օթար Երանոսյանը 60 կգ քաշային կարգում է: Նա 2009 թվականից Վրաստանի ազգային հավաքականի անդամ է: Երեք անգամ՝ 2011-ին, 2014-ին և 2015 թվականին եղել է Եվրոպայի եզրափակչում, գրավել է երկրորդ հորիզոնականը: Չորս անգամ եղել է Վրաստանի չեմպիոն և բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող:
Ապրիլի 7-ից 17-ը Թուրքիայում Օթար Երանոսյանը կպայքարի Բրազիլիայում Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Օթարից բացի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար Վրաստանից կպայքարեն հինգ մարզիկներ տարբեր քաշային կարգերում:
Օթար Երանոսյանին մարզում է Ախալքալաքի սպորտային համալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը:
Շուշան Շիրինյան