Արդեն երեք օր է Ախալքալաքում մեկնարկել է «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված մեծամասնական պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանի նախընտրական քարոզարշավը: Jnews-ը հետևում է հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում քաղաքական կուսակցությունների և պատգամավորի թեկնածուների նախընտրական քարոզարշավի ընթացքին:

Mankuyan

Խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված մեծամանսական պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանի նախընտրական քարոզարշավը Սուլդա գյուղում մարդաշատ էր: Գյուղամեջում հավաքված տղամարդիկ իրար հերթ չտալով փորձում էին բարձրաձայնել իրենց գյուղի տարիներով կուտակված խնդիրները: Սուլդայում խնդիրներն այնքան շատ են, որ գյուղացիները հաշվում էին, որ հանկարծ ոչ մի խնդիր չմոռանան ներկայացնել թեկնածուին:

qarozarshav 1

Գյուղացիները թվարկում են առաջնային խնդիրները՝ ջուր, գազ, ճանապարհ, մանկապարտեզ, դպրոց, արոտավայր, քաղաքացիություն և այլն:

«Ջուրը, գազը, ամեն ինչ խնդիր է մեր գյուղում, տարիներով ջրի կարոտ ենք մնացել: Ճիշտ է ջուրը քաշեցին մի ամիս եկավ ու կտրեց: Սխալ են քաշել, գյուղացիներիս չլսեցին, իրենց ուզածով քաշեցին, վերջում ջուր չեկավ: Գյուղ եկողը խոսք տվեց, Հենզելը խոսք տվեց, որ 2020 թվին դուք անպայման գազ կվառեք, բայց ինչպես տեսնում եք մինչև օրս աթար են վառում»,- ասաց գյուղացիներից մեկը:
qarozarshav4

Սուլդա գյուղում ուրախ են, որ կորոնավիրուսի պատճառով սահմանները փակվել են և գյուղից արտագաղթը կանգնել է:

«Լավ է կորոնավիրուսը եղավ, արտագաղթի հոսքը կանգնեց, թե չէ ամեն տարի 10 ընտանիք գյուղից հեռանում է: Շաբաթը մեկ է ջուր գալիս, որն էլ խմելու չի, ինչ ասես չկա ջրի մեջ: 1956 թվականին մեր դպրոցը 600 աշակերտ ուներ, հիմա 100 աշակերտ էլ չունի: Պետությունը գյուղին փող է հատկացնում, բայց այն տեղ չի հասնում, յուրացնում են, ոչ մի աշխատանք չի կատարվում: Մանկապարտեզի փողն առան, գործը կիսատ-պռատ ու թերի արեցին: Ծրագրավորեցին խաղահրապարակ սարքել, դա էլ հետաձգեցին»,- ասաց մեկ այլ գյուղացի:

qarozarshav2

Սուլդա գյուղի դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ քաղաքապետրանի ջանեքերի շնորհիվ 2021 թվակաին գյուղի դպրոցը ոչ մի խնդիր չի ունենա՝ ջեռուցումից մինչև կահավորված դասասենյակներ:

Պատգամավորի մեծամասնական թեկնածու Սամվել Մանուկյանը մեկ ժամից ավելի լսեց գյուղացիների բողոքները և խոստացավ իր հնարավորությունների սահմաններում կենտրոնական իշխանություններին հասցնել գյուղացիների խնդիրները:

«Արդեն 6 գյուղում ենք եղել: Հիմնական խնդիրները նույնն են՝ ջուր, գազ, ճանապարհ, արոտավայր: Ուզում եմ շեշտել նաև քաղաքացիության հարցը, մարդիկ կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը և ուզում են վերականգնել: Քարոզարշավը անցնում է շատ լավ մթնոլորտում, իմ սպասածից էլ լավ է անցնում, պարզապես շատ են ասում, որ խոստացել ու չեն արել: Ես ժողովրդին միշտ խոստանում եմ, որ իրենց ձայնը կհասցնեմ երկրի բարձրագույն իշխանություններին: Մարդիկ դա ավելի լավ են ընդունում, քանի որ տարիներով խոստացել, սակայն ոչինչ չեն արել: Ինչը, որ վստահ եմ 100 տոկոս անելու եմ, նույնիսկ դա չեմ խոստանում: Որոշել ենք մարդկանց խոսք չտալ, ուղղակի բացատրենք իրավիճակը, թե իրականում ինչ կա ու ինչ կարող ենք անել: Մարդիկ սա ավելի լավ են ընդունում, քան դատարկ խոստումները»,- ասաց «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված մեծամասնական պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանը:

qarozarshav3