Ախալքալաքի նորաստեղծ թատերական խմբակը փորձ-դասընթացների անցկացման հիմնական տարածք չունի:
Գրեթե երկու ամիս առաջ Ախալքալաքում սկիզբ տրվեց մշակութային մի նախաձեռնության, որն իր շուրջը համախմբեց պատանիների, ովքեր իրենց պատկերացնում են թատերաբեմին: Թատերական խմբակը կրում է «ԼուսԷ» անվանումը, որի հիմքում լույս և էություն բառերն են: Խմբակում ընդգրկված են 16-19 տարեկան 6 երիտասարդ:
Այսօր խմբի համար խնդիր է փորձ-դասընթացներն անցկացնելու տարածքը: Ներկա պահին փորձերը ընթանում են Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հանդիսությունների դահլիճում:
«Սկզբից էլ մշակույթի տանը տրամադրած սենյակը շատ փոքր ու անհարմար էր, ստիպված մոտ մեկ ամիս դասընթացները անցկացրինք ՋԱՀ-ի գրասենյակում: Սակայն նորից ստիպված եղանք տեղափոխվել այլ տարածք», – ասաց նախաձեռնության հեղինակ Սոնա Տոնականյանը:
Նորաստեղծ այս խմբակը դեռևս բեմականացման փորձեր է անում և պատրաստավում է արդեն օգոստոսին հանդիսատեսի դատին ներկայացնել՝ ջավախքցու կերպարն ու ավանդույթները ներկայացնող բեմականացում:
«Մինչև արդյունք չներկայացնենք իրավունք չունենք ավելի լավ պայմաններ պահանջելու իշխանությունից: Օգոստոս ամսից, երբ արդեն կբեմադրենք մեր առաջին ներկայացումը, հույս ունեմ կունենանք բեմականացումների համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում տարածք: Եվ ստիպված չենք լինի «թափառաշրջիկ» փորձեր անցկացնելու», – ասաց Սոնա Տոնականյանը:
Խմբի անդամները անցնում են գործնական դասընթացներ՝ թատերարվեստ, բեմական խոսք, դերասանի վարպետություն, մշակութաբանություն և արվեստի տեսություն ոլորտներից:
«Լուսէ»-ի անդամները վստահ են, որ ամեն ինչ հենց իրենցից է կախված: «Թե ինչքանով մենք կհասնենք մեր նպատակին կախված է մեզանից, ինչու չէ նաև մեր հասարակությունից, քանի որ մշակույթը ձևավորվում ու ամրապնդվում է հենց հասարակության կարծիքի վրա»,- ասաց խմբի անդամ Աղավնի Մոսոյանը:
Ավելացնենք, որ «Լուսէ»-ն ոչ միայն ներկայացումներ է բեմադրելու, այլ նաև իրականացնելու է տարբեր մշակութային ծրագրեր՝ ցուցահանդեսներ, համերգներ, ֆլեշ-մոբեր, ասմունքի երեկոներ, բանավեճեր և այլն…
Քրիստինե Հակոբյան