Ախալքալաքի մունիցիպալիտետում արդեն սկսվել է ոռոգման սեզոնը։ Բնակիչները ոռոգում են ոչ միայն կարտոֆիլի ցանքատարածությունները, այլև այգիները։ Քանի որ ոչ բոլոր գյուղերում կա ոռոգման համակարգ, բնակիչների զգալի մասը դաշտերը ոռոգման համար օգտագործում է խմելու ջուրը։ Այդ ընթացքում, մինչ մի գյուղացին ոռոգում է իր բազուկն ու գազարը, մյուսը մնում է խմելու ջրի «կարոտ»։ Ինչպես քաղաքապետարանից տեղեկանցնք, կոնկրետ մարդ չկա, ով կկարողանա հսկել իրավիճակը, քանզի խնդիրը չի վերաբերվում մեկ կամ երկու գյուղի, բոլոր գյուղերում այս ամիսներին նույն իրավիճակն է։
Ներկա դրությամբ խնդիրը սուր է Չամդուրա գյուղում։ Բնակիչներն ասում են, որ ամառվա երեք ամիսը խմելու ջուր չունեն։ Գյուղի մի մասում շատ քիչ է հոսում, իսկ մյուս մաս ընդհանրապես ջուր չի հասնում։
«Խմելու ջուրը հոսում է գյուղի մի մասում, գյուղի մյուս հատվածում չի գալիս ջուրը, այդ հատվախում 3-ից 4 ամիս մարդիկ ջուր չեն ունենում», – ասաց Կարապետյան Վալոդյան։
Չամդուրայում խմելու ջուրը հոսում է Դիլիֆ գյուղից, գյուղացիները նշում են, որ վեց գյուղի միջով անցնում է ջուրը, այդ բոլոր գյուղերի բնակիչները դաշտերն են ջրում։
«Մեր ջուրը գյուղ հասնում է մի քանի գյուղ անցնելով՝ Դիլիֆ, Նամզարա, Գոնդուրա, Մուրջախեթ, Ղուլալիս, Վաչիան։ Մեր ջրագիծն ամառվա ընթացքում ջարդում են, ծակում ու դաշտերն են ջրում։ Ինչպես կարելի է թույլ տալ, որ կենտրոնական գծի հետ այդպես վարվեն։ Մի տարի Վաչիանի բնակիչը ծակել էր խողովակը, նրան դատն էին տվել, նրան տուգանեցին 3 լարի, վաչիանցին էլ ասաց՝ ավելի լավ է ես միանգամից 15 լարի տուգանք վճարեմ գնամ, միևնույն է բացելու եմ դաշտերս ոռոգեմ», – ասաց Արմենը։
Բնակիչներն ասում են՝ թող տուգանք սահմանեն բոլորին, ովքեր խմելու ջրով դաշտերն են ոռոգում։ Կամ թող հաշվիչներ տեղադրեն, ով ինչքան օգտագործում է թող վճարի։
Գյուղի բնակիչները ավելացնում են՝ հենց անձրև է գալիս, այլևս ոռոգելու կարիք չի լինում, ջուրը հասնում է գյուղ, բայց շոգ եղանակներին առանց ջրի են մնում։
Այս խնդիրը լուծելու Չամդուրային բնակիչները դիմել են՝ թե քաղաքապետարան, թե ջրամատակարարման ընկերություն, սակայն խնդիրը դեռ լուծում չի ստացել։
Նաև բնակիչները չեն բացառում այն, որ հենց իրենց գյուղում էլ որոշ բնակիչներ անխնա բաց են թողնում ջուրը։
Jnews-ի հետ հեռախոսազրույցում Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանն ասաց․
«Այս հարցը խնդրահարույց է, հիմա բոլոր գյուղերում ոռոգման սեզոնն է, բոլորը օգտագործում են ջուրը, պարզ է, որ ջուրը չի հերիքելու։ Որ կոնկրետ մարդ ունենանք, ով կհսկի համակարգը՝ չունենք»։