Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում սկսվել է ջրամատակարարման համակարգի վերականգնումը: Ասբեստե խողովակները կփոխարինվեն պլաստմասսե խողովակներով: Այս աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 120 048 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի այն հատվածը, որը գտնվում է համեմատաբար ավելի բարձր դիրքում, միշտ խմելու ջրի պակասի խնդիր է ունեցել, հատկապես ձմռան շրջանում: Ջրագիծը ծառայել է երկար տարիներ և ասբեստե խողովակների վրա ճեղքեր են գոյացել, ջուրը արտահոսում է, և ըստ այդմ՝ ճնշման անկում է նկատվում, ինչի արդյունքում գյուղացիները հաճախ ջրի պակաս են զգում:
Ըստ Կարտիկամի լիազոր Շալո Էլիզբարյանի, աշխատանքները սկսվել են մոտ երկու շաբաթ առաջ և կավարտվեն այս ամսվա վերջին: Նրա խոսքով՝ նախագիծը կազմվել է դեռևս 2019 թվականին, այս տարի արդեն սկսել են իրականացնել խողովակների փոփոխման ուղղությամբ աշխատանքները:
Տվյալ նախագծի իրականացման համար Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից 120 048 լարի է հատկացվել։ Ընդհանուր առմամբ, փոխվելու է 2 կմ 200 մետր խողովակաշար, որը գյուղի մի մասը ապահովում է խմելու ջրով: