Վարևան գյուղում մանկական պարի համույթը պարապմունքներն անցկացնում է ծիսական տանը, միևնույն ժամանակ երբ գյուղում երկհարկանի ակումբի շենքը անգործության է մատնված և փլուզվում է լքվածությունից և խոնավությունից: Այս տարի Վարևանի ակումբը հնարավոր է վերանորոգվի:
Վարևան գյուղի կաթոլիկ եկեղեցու դիմաց կանգնած է, կիսավեր, առանց պատուհանների շենքը: Շենքի ներսից լսվում են տղամարդկանց բարձր ձայներ: Դրսում հանդիպած բնակիչները մեզ բացատրեցին, որ այս շենքը գյուղական ակումբն է, որը երկար տարիներ չի օգտագործվում իր բուն նշանակությամբ:
«Ակումբի շենքը չէր պատկանում գյուղին, հետո այն հետ վերադարձրեցին: Ավելի լավ է ներս չմտնեք», – ասում է Վարևանի բնակիչ Գրիգոր Սուքիասյանը:
Վարևան գյուղում կա պարային անսամբլ, որը ստիպված է պարապել ծիսական տանը, քանի որ ակումբն ունի միայն պատեր: Մտնելով ակումբ, հանդիպում ես խոնավությունից կանաչած պատերին, մի սենյակը լցված է աղբով, մյուսից տղամարդկանց բարձր ձայներ են լսվում, որվքեր վիճում են ինչ-որ բանի շուրջ, իսկ մի փոքր այն կողմ նարդի են խաղում:
Հսկայական սենյակի մի անկյունում վառարանն է, մի փոքր հեռու գետնի վրա պլաստիկ շշեր են թափված: Հնացած սեղանի մյուս անկյունում գյուղացիները թուղթ են խաղում, ովքեր ամռանը իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են շենքի դիմաց: Ամեն մի սեղանի շուրջ գյուղացիների մի խումբ քննարկում է որոշ հարցեր, ամենուրեք «խորհրդային ծագում ունեցող» կոտրված սեղանների հատվածներ են:
«90-ական թվականներից ի վեր ակումբը նման վիճակում է: Ամեն տեղ կառուցում են, բացի մեր գյուղից: Լուսանկարեք մնացածը նույնպես ամենուրեք աղբանոց է», – ասում է Վարևանի բնակիչը, ով չցանկացավ տալ իր անունը:
Նրա հետ համաձայն են նաև մյուս բնակիչները` բոլորը միաբերան և միաժամանկ հայտարարում են իրենց դժգոհությունը գյուղի իրավիճակի մասին:
«Մեր գյուղն անտեր է: Ոչ ոք չի հոգում մեր մասին, ոչ շրջանային իշխանությունները, ոչ գյուղի մասնագետը: Ոչ-ոքի չենք հետաքրքրում: Ինչ է կատարվում քաղաքում, մենք չգիտենք», – ասում է մեկ այլ բնակիչ:
Հաջորդը ավելացնում է. «Այս ընթացքում այն ամենը ինչ արվել է, դա 18 000 լարիով գյուղական փողով կառուցել են զուգարան ծիսակատարության տան կողքին: Երկտեղանի զուգարան 18 000 լարիով: Այ այսպես», – ասում է Անդրանիկ Վարդևանյանը:
Ի ուրախություն վարևանցիների, այս տարի գյուղական ակումբը մտնում է քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման առաջնահերթությունների ցուցակի մեջ:
Ըստ Ալբերտ Նահատակյանի, Վարևան գյուղի ակումբը ընդգրկված է աշխատանքների ցանկում, որը մասամբ ֆինանսավորվելու է պետական բյուջեից, մասամբ տեղական:
«Վարևանի ակումբը նախատեսվում է վերանորոգել այս տարի: Ընդհանուր՝ 76 568 լարիի, 72 732 լարին պետական բյուջեից է հատկացված, իսկ մնացած 3 826 լարին` տեղական բյուջեից: Աշխատանքների սկսել մեզանից կախված չէ: Տենդեր-մրցույթը կհայտարարվի այն ժամանակ, երբ կբացվի պետական բյուջեի լիմիտը և կվերանայվի բոլոր գործերը, որոնք առաջարկվել են պետության կողմից և մասամբ տեղական բյուջեից ֆինանսավորվող գործերի ցուցակում», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Քրիստինե Մարաբյան