Վերջին մի քանի տարիների ընթացքում Ախալքալաքի կանայք սկսել են մեկնել արտագնա աշխատանքի, սակայն կին «խոպանչի» հասկացությունը դեռևս չի ընկալվում հասարակության կողմից, քանի որ ավանդաբար խոպանը շարունակում է մնալ արական սեռի զբաղմունք:
Jnews-ի կատարած ուսումնասիրության հիման վրա այս տարի 150 կին (Ախալքալաքի մունիցիպալիտետից արտերկրում աշխատող բնակիչների մոտ 2,4%-ը) այս տարի մեկնել են արտագնա աշխատանքի։
Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակվող 13 100 ընտանիքից խոպան է գնում 7432 մարդ։
Կրասնոդարի երկրամասում ելակի սեզոնի սկզբին Ախալքալաքում սկսում են մարդկանց խմբեր ձևավորվել, որոնք մեկնում են դաշտերում աշխատելու։ Սովորաբար խմբերը բաղկացած են կանանցից, իսկ երբեմն թիմերի կազմավորման մեջ ներգրավված «բրիգադավարները» նույնպես կանայք են։ Սեզոնը բերրի Կրասնոդարի երկրամասում տևում է մեկուկես ամիս։
Ելակ հավաքողների առավոտը վաղ է սկսվում։ Ինչպես ասում են՝ գործն այնքան էլ դժվար չէ, բայց նման աշխատանքի համար պետք է ամուր մեջք ունենալ, որպեսզի անընդհատ կռացած հատապտուղները հավաքես։ Նման աշխատանքից օրական կարելի է վաստակել 2500-ից 10 000 ռուբլի՝ կախված նրանից, թե մարդն ինչքան կարող է աշխատել։ Թուրքիայում թեյ հավաքողները գրեթե նույն ռեժիմով են աշխատում։
Գենդերային խոպանն ունի իր առանձնահատկությունները: Տղամարդկանց համար դա շինարարությունն է, վերանորոգումը, ասֆալտապատումը և այլ տեսակի ծանր աշխատանքը: Կանանց համար դա ելակ հավաքելն է (նախկինում նաև կարտոֆիլն էր), թեյ հավաքելը և սպասարկման ոլորտը՝ դրանք հիմնականում ծովափնյա հյուրանոցների խոհարարներն ու անձնակազմը: Կանայք նաև հոգ են տանում տարեցների և երեխաների մասին։
Բայց եթե արտագնա աշխատանքի մեկնող տղամարդուն տեղական բարբառով խոպանչի են անվանում, ապա դրսում սեզոնային աշխատանքից գումար վաստակող կնոջն այդպես չեն անվանում։
Շատ գյուղերում կանանց խոպանն անհնարին են համարում։ Jnews-ի կողմից հարցվածներից շատերը վերոնշյալ հետազոտության շրջանակում ասացին, որ խոպանը կնոջ զբաղմունք չէ:
Կրասնոդարի երկրամասում ելակ հավաքելու գնացած ամենաշատ կանայք երկու գյուղից են․ Տուրցխից՝ 40 մարդ, և Կարտիկամից՝ 20 մարդ։
Կանայք աշխատանքի են մեկնում նաև Թուրքիա, Հունաստան և Շվեյցարիա։ Թուրքիայում կանայք թեյ են հավաքում, իսկ Եվրոպական երկրներում տարեցներին են խնամում:
Jnews-ի ուսումնասիրության տվյալները մոտավոր են, քանի որ տվյալները վերլուծվել են մունիցիպալիտետի յուրաքանչյուր բնակավայրում տեղեկատվություն ունեցող մարդկանց հետ անձնական հարցազրույցների միջոցով։