Ջավախքում զբաղվածության ցածր մակարդակը եզրաքարն է Վրաստանի հայաբնակ շրջանի խնդիրների բուրգում՝ խոչընդոտելով բնակիչների ինտեգրմանը։ Չնայած շրջանի գյուղատնտեսական ներուժին, Ախալքալաքի մունիցիպալիտետի ընտանիքների մեծ մասի եկամտի հիմնական աղբյուրն արտերկրում, հիմնականում՝ Ռուսաստանում, վաստակած գումարն է։

Հունիս. Ախալքալաքի կենտրոնում գտնվող Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ երկու երթուղային տաքսի է կանգնած, որոնց մոտենում են ճամպրուկներով կանայք, երեխաներ, տարբեր տարիքի տղամարդիկ։ Ինչ-որ մեկը գնում է տեսակցելու հարազատներին, ինչ-որ մեկն ամռանը ժամանակավորապես գնում է ամուսնու մոտ, իսկ ինչ-որ մեկը հարազատներին այցելելուց հետո վերադառնում է Ռուսաստան, որն արդեն իր համար տուն է դարձել։ Թեև ուղևորների մեջ կան նաև այնպիսիք, ովքեր մեկնում են, թեկուզ ուշացած, բայց արտագնա աշխատանքի։ Նրանցից առաջ այս ճանապարհն անցել են նրանց հայրերն ու պապերը ՝ գումար վաստակելու համար։

Մի կին մտածկոտ դեմքով քայլում է Ախալքալաքի կենտրոնական փողոցով, նա իր որդիներից մեկին ուղարկել է Ռուսաստան՝ հարազատների մոտ՝ իր մեծ ընտանիքի համար ավելի լավ կյանքի համար գումար վաստակելու նպատակով։

«Հարցնում ես, թե ինչո՞ւ է այդքան ուշ գնում խոպան: Նա չէր ուզում այս տարի: Օրերս զանգահարել էր եղբորս տղան ու ասել, որ նոր տեխնիկա է գնել, իրեն վարորդ է պետք, որ նա շտապ գնա իր մոտ։ Դե ահա, տղաս էլ գնաց»,- ասում է Ախալքալաքի բնակչուհի Իսկուհին։

Ախալքալաքի շատ գյուղերում ամռանը մնում են միայն ծերերը, երեխաները և կանայք, գարնան գալուն պես աշխատունակ տարիքի տղամարդկանց մեծ մասն իր ճամպրուկներն է հավաքում անձնական իրերով։ Ինչ-որ մեկը ավիատոմս է գնում Երևանով կամ Թբիլիսիով, մինչդեռ շատերը զանգահարում են ծանոթ վարորդներին, ովքեր կանոնավոր երթևեկում են դեպի Ախալքալաք-Կրասնոդար, Ախալքալաք-Մոսկվա ուղղություններով… Ախալքալաքի բնակիչները տասնամյակներ շարունակ տիրապետում են Ռուսաստանի գրեթե բոլոր երկրամասերին՝ սկսած բերրի Կրասնոդարի երկրամասից ընդհուպ մինչև ցրտաշունչ Յակուտիա, Կրասնոյարսկ ու Խաբարովսկ: Թեև նրանց մեծ մասը «կորսվել» են մեգապոլիսներում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Շատերն այստեղ հաստատվել են Վրաստանի համար ծանր 90-ականներին։ Նրանք հիմնել են ընկերություններ և սկսել իրենց բիզնեսը, հիմնականում ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, և հետո սկսել են աշխատանքի հրավիրել իրենց հարազատներին: Այնուհետև շատերը, հարմարվելով, տեղափոխել են իրենց ընտանիքները՝ ընդմիշտ փակելով իրենց տների դռները հայրենիքում։ Եվ այսօր էլ կան մարդիկ, ովքեր ձգտում են դրան, բայց այդպիսիք ընդամենը մի քանիսն են։


Գյուղ Թախչա. Այստեղ 10 տարում բնակչության թիվը նվազել է 3 անգամ։ Այսօր գյուղում ապրում է 12 տնտեսություն:

Jnews-ը ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու, թե Ախալքալաքի ընտանիքների քանի տոկոսն է ապրում արտերկրում վաստակած գումարով։ Ընդհանուր առմամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում ապրում է 51331 մարդ և 13 100 տնտեսություն։ Ինչպես ցույց է տալիս Jnews-ի ուսումնասիրությունը, մունիցիպալիտետի ընտանիքների 57%-ից առնվազն մեկ հոգի մեկնում է արտագնա աշխատանքի, որն էլ ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրն է։ Արտագնա աշխատանքի մեկնողների թիվը 7 432 հոգի է։

Jnews-ի ուսումնասիրությունը կարող է սխալմունք ունենալ, քանի որ տվյալները վերլուծվել են մունիցիպալիտետի յուրաքանչյուր բնակավայրում տեղեկատվություն ունեցող մարդկանց հետ անձնական հարցազրույցների միջոցով:

Վերջին 6 տարիների ընթացքում փոխվել է արտերկրում վաստակած գումարով ապրող ընտանիքների տոկոսային մասը, սակայն այն կրկին կեսից ավելի է։ 2018 թվականին Jnews-ի կողմից անցկացված նույն հետազոտության համաձայն՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում սեզոնային աշխատանքային միգրանտներ եղել են ընտանիքների 63%-ից։

Սակայն անփոփոխ է մնում այն, որ խոպանչիների ճնշող մեծամասնությունը մեկնում է Ռուսաստան։ Jnews-ի ուսումնասիրության համաձայն՝ այսօր խոպանչիների 95,9%-ը գտնվում է Ռուսաստանում։

«Բազմազգ Վրաստան» (PMMG) հասարակական կազմակերպության նախագահի խոսքով, յուրաքանչյուր երկիր, որտեղ բնակիչները մեկնում են աշխատանքի, իր հետքն է թողնում մտածողության վրա։ Նրա խոսքով, եվրոպական և այլ երկրներում սեզոնային աշխատանքը բնակիչներին տալիս է գիտելիքներ ներսից, ինչը նրանց օգնում է քննադատաբար մտածել և հակազդել Եվրամիության և առհասարակ արևմտյան երկրների վերաբերյալ տարածվող քարոզչությանը։ Իսկ Ջավախքի բնակիչների երկար մնալն այլ երկրներում արգելակում է շրջանում ինտեգրման գործընթացը։

«Լրիվ պարզ է, որ մարդիկ պետք է աշխատեն, ինչ-որ բանով ապրեն, նրանք լավ կյանքից չէ, որ գնում են խոպան: Եթե մարդն այստեղ չէ, ինչպե՞ս է ինտեգրվելու։ Մարդն ամենաշատը ինտեգրվում է այն հասարակությանը, որտեղ ապրում է։ Եթե շատ ժամանակ նա ապրում է այլ երկրում, աշխատում է, սա որոշակի շփում է, նույնիսկ տարրական՝ խանութ գնալը: Իսկ երբ վերադառնում են, իրենց հետ բերում են գաղափարական ազդեցություն՝ մտավոր մակարդակով այլ հասարակության, այլ երկրի պատկանելություն»,- ասում է Առնոլդ Ստեփանյանը։

Միայն քչերը կարող են պայքարել երկար տարիների ընթացքում ձևավորված խոպանի ավանդույթի դեմ, գտնում կամ ստեղծում են իրենց համար մեկ այլ աշխատանք՝ տեղում կամ այլ վայրերում, բայց դա ընդհանուր պատկերում չի փոխում Ջավախքի գույները։

«Այս տարի գործ շատ կա, իսկ մարդիկ քիչ են։ Աշխատուժի գները բարձրացել են: Մեկ ամսվա ընթացքում բանվորը՝ ելնելով որակավորումից, ստանում է 80,000 ռուբլիից մինչև 200,000 ռուբլի: Այս տարի ախալքալաքցիները քիչ են եկել Ռուսաստանում աշխատելու, գուցե պատճառն այն է, որ Վրաստանում ռուբլու փոխարժեքը ցածր է, և շատերի համար այստեղ գումար վաստակելը ձեռնտու չէ։ Ընդհանրապես, նախորդ տարիների համեմատ այս տարի քիչ հայեր են եկել աշխատանքի»,- ասում է Մոսկվայում աշխատող Մ. Է.-ն:

Дизайн без названия - 1             Մոսկվան և Ռուսաստանի Դաշնության այլ խոշոր քաղաքները շատ խոպանչիների վերջնական մեկնակետն են

Եթե 95,9%-ը գնում է Ռուսաստան, ապա մնացած 4,1%-ը աշխատանքի է գնացել աշխարհի այլ երկրներ։ Այսպիսով, մեր հետազոտությունների հիման վրա այս տարի 305 մարդ աշխատանքի է գնացել 13 երկրներ։ Ախալքալաքցիները աշխատանքի են մեկնել Լեհաստան, Գերմանիա, Թուրքիա, Հունաստան, Բելգիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Սլովենիա, Բալթյան երկրներ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Ռուսաստանի կողմից նվաճված Ուկրաինայի տարածքները (Ղրիմ, Մարիուպոլ), ԱՄՆ և Ղազախստան։

Խոպան Ախալքալաքից Հեղինակ՝ Jnews Ge

«Մենք պետք է գնանք այլ երկրներ՝ փող աշխատելու, քանի որ մեր պետությունը տեղում աշխատանք չի տալիս։ Մենք որոշեցինք այս տարի չգնալ Ռուսաստան, այնտեղ անվտանգ չէ պատերազմի պատճառով: Բացի այդ, ռուբլու փոխարժեքը չի տալիս այնտեղ գնալու ցանկություն: Հետևաբար, մենք որոշեցինք գնալ համեմատաբար ապահով Ղազախստան, որտեղ մենք գրեթե նույնքան ենք վաստակում։ Այստեղ նույնպես սփյուռք կա դեռ խորհրդային ժամանակներից։ Ոչ մի տեղ լավ չէ, օտարների մեջ հեշտ չի լինում: Մենք՝ 200 տարբեր ազգի մարդիկ, այստեղ յոլա ենք գնում, 30 հոգիս Ջավախքից ենք, 20-ը՝ մենակ մեր գյուղից»,- ասում է Ղազախստանում աշխատող Կուլիկամ գյուղի բնակիչը։

Дизайн без названия - 1Բելգիան ևս մեկ երկիր է, որտեղ մարդիկ գնում են աշխատանքի: Այստեղ շինարարությամբ հիմնականում զբաղվում են աշխատանքային միգրանտները հենց Եվրոպայից՝ Ռումինիայից և Լեհաստանից, իսկ ախալքալաքցիները զբաղվում են բնակարանների և տների վերանորոգմամբ։

Աշխատանքային առումով ախալքալաքցի Արմեն Մանվելյանը Ռուսաստանի և ԵՄ երկրների տարբերությունը զգալի է համարում: Նա առաջ մեկնում էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների, սակայն վերջին տարիներին գնում է եվրոպական երկրներ, նա վերջերս է վերադարձել հայրենիք։

Նրա խոսքով, գլուխ է բարձրացնում նաև լեզվի չիմացության խնդիրը: Եթե հետխորհրդային երկրներում աշխատելու համար կարող ես գործը գլուխ բերել միայն ռուսերենի իմացությամբ, ապա եվրոպական երկրներում պետք է մի քանի լեզու իմանալ։

Дизайн без названия - 1
Արմեն Մանվելյանը Բելգիայում, Անտվերպեն քաղաքում

«Ռուսաստանում լավ է, որովհետև լեզու գիտես և ազատ տեղաշարժվում ես, Եվրոպայում լեզուն չգիտես և ազատ չես տեղաշարժվում, բայց ֆինանսական առումով Եվրոպայում ավելի լավ է։ Ախալքալաքից, չգիտեմ, որ ինչ-որ մեկը աշխատում է այնտեղ: Զբաղվում եմ վերանորոգմամբ և տարբեր տեսակի շինարարությամբ։ Ֆինանսապես այս պահին Եվրոպայում ավելի լավ է։ Լինում են ամիսներ, երբ ընդհանրապես փող չես աշխատում, երբեմն ՝ 2000 եվրո։ Եվրոպայում աշխատելու համար պետք են ծանոթներ, ովքեր կկազմակերպեն ամեն ինչ, իսկ քեզ պարզապես պետք կլինի աշխատել։ Ես նույնիսկ մտածում եմ Ռուսաստան գնալու մասին»,- պատմում է նա։

Եվրոպայում նա աշխատել է Հոլանդիայում և Բելգիայում։ Աշխատանքը գտել է ծանոթների միջոցով:

«Պայմանները քեզնից են կախված՝ լավը կլինեն, թե ոչ։ Եթե ցանկանում եք ավելի լավ պայմաններ, ապա բնակարան վարձելու համար ստիպված կլինեք վճարել 1000 եվրո։ Ավելի վատ պայմաններն արդեն 500-600 եվրոյի դեպքում են՝ եթե ստուդիո տիպի բնակարան է։ Ռուսաստանի պես չի, որ գնաս ուրիշների հետ ապրես»,- ասում է Արմեն Մանվելյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 64 գյուղ, որից 5-ը՝ վրացական են, 5-ը՝ խառը (հայ-վրացական), մնացածը՝ հայկական։ Ելնելով գյուղացիների գտնվելու վայրից, ռեսուրսներից և ազգությունից՝ խոպանը այստեղ տարբեր նշանակություն ունի։ Վրացական և խառը գյուղերից ամենաքիչն են մեկնում արտագնա աշխատանքի, օրինակ՝ Կոթելիայից ընդհանրապես չեն գնում այլ երկրներ աշխատելու, սակայն վրացական գյուղերի մեծ մասը գնում է Թուրքիա՝ 2-3 ամսով թեյ հավաքելու։

«Ահա, հավաքում եմ ճամպրուկս, մեկնում եմ վաղը ժամը 7-ին։ Առաջին անգամ գնացի Թուրքիա, հետո՝ Հունաստան։ Հիմա Շվեյցարիայի ավիատոմս ունեմ, բայց Ավստրիայում եմ աշխատելու։ Խնամում եմ տարեց զույգի, նրանք 92-90 տարեկան են։ Աշխատանքը ժամանակին դեղորայք տալն է, սրսկումները, արյան ճնշումը չափելը և նրանց լավ կերակրելը: Հետո գնում ենք մաքուր օդի՝ զբոսնելու։ Ինձ համար դժվար չէ աշխատելը: Կան մարդիկ, ովքեր կրթություն չունեն, լեզու չգիտեն։ Նրանց համար շատ դժվար է»,- ասում է ախալքալաքի բնակչուհի Մ. Մ.-ը:

Նա շատ պատահաբար սկսեց աշխատանքի գնալ Եվրոպա: Ես հյուր էի գնացել բարեկամուհուս, այնտեղ գնացել էինք հյուր, տարեց կինն իրեն վատ զգաց, նա առաջին բուժօգնություն ցուցաբերեց, դե նրանք էլ առաջարկեցին մնալ ու աշխատել։

«Այդ ժամանակ ես աշխատանք չունեի, ուստի մնացի: Իհարկե, եթե ընտրության հնարավորություն ունենայի, իհարկե կցանկանայի տանը մնալ, ես տարեց ծնողներ ունեմ։ Եթե այստեղ լինեին այն պայմանները, որոնք այնտեղ էին, կլինեինք այստեղ, ես չէի գնա, այն է՝ վարձավճարը, մարդասիրությունը և այն, որ չեն խաբում։ Մտածում եմ հաջորդ տարի այստեղ աշխատանք փնտրել, և եթե չգտնեմ, կարող եմ մտածել ընդմիշտ այստեղից հեռանալու մասին»,- ասում է նա։

Jnews vertikal - 1

Շվեյցարիայի տան բակը, որտեղ աշխատում է Մ.Մ.-ը

Մեր բոլոր հարցվածները, ինչպես և Մ.Մ.-ը, ասում են, որ եթե ընտրության հնարավորություն ունենային, ամբողջ տարին կմնային տանը, կաշխատեին, կապրեին ընտանիքի հետ։ Արմեն Մանվելյանն անընդհատ կտեսներ, թե ինչպես են մեծանում իր երեխաները և մասնակիցը կլիներ ընտանեկան բոլոր միջոցառումներին։ Ղազախստանում խոպանչին չէր մտածի իր անվտանգության մասին Ուկրաինայի պատերազմի պատճառով…