Այսօր՝ մայիսի 19-ին, Ախալքալաքում, հույները, հայերը և վրացիները հարգեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը։

Ախալքալաքի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բակում, Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի խաչքարին, Ախալքալաքի մունիցիպալիտետի հայերը, վրացիներն ու հույները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

grekigenocid

Սամցխե-Ջավախքի հույների միության նախագահ Միխայիլ Կոլիկիդիի խոսքերով, ամեն տարի ավելի ու ավելի շատ մարդիկ են Ախալքալաքում իմանում հույների ցեղասպանության մասին, և ավելի ու ավելի շատ մարդիկ են այս օրը գալիս եկեղեցու բակ, հարգելու անմեղ զոհերին, և աջակցելու հույներին ցեղասպանության դեմ խաղաղ ակցիայի գործում:

«Այսօր ավելի շատ մարդ կար, այսօր մարդիկ փողոցում ցավակցում էին: Ցեղասպանությունը խլեց 1 միլիոն 200 հազար մարդու կյանք, ցեղասպանությունը դարի հանցագործություն է, այն պետք է պատժվի, գլխավորը ցեղասպանությունը ճանաչելն է: Մենք՝ հույներս և հայերը նույն ճակատագիրն ունենք, և մենք պետք է այնպես անենք, որ ցեղասպանությունը պատժվի: Մենք հիշում ենք բոլորին»,- ասաց Միխայիլ Կոլիկիդին։

greki genocid

Մասնակիցներն առ Աստված հղեցին Տերունական աղոթքը, իսկ Թադեոս քահանա Տեր Մկրտչյանը, ցեղասպանության անմեղ զոհերի հոգիների հանգստության համար, աղոթքի ծառայություն մատուցեց։

Նա մասնավորապես ասաց հետեւյալը.

«Նման միջոցառումները պետք է բազմամարդ լինեն: Մենք պետք է դիմենք խոշոր պետություններին, որպեսզի նրանք լսեն, տեսնեն և դատապարտեն ոճրագործությունը: Մենք ոչ միայն կատարում ենք մեր պատասխանատվությունը ցեղասպանության զոհերի հանդեպ, այլև, որպեսզի կանխենք խոշոր պետությունների ախորժակը, եթե նրանք հանկարծ որոշեն տիրանալ փոքր երկրներին։ Խաղաղություն նրանց հոգիներին, մենք աղոթում ենք նրանց համար»։

Բակում հավաքվածները մտան եկեղեցի և մոմ վառեցին։

Մայիսի 19-ը՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ախալքալաքում նշվում է 2015 թվականից։ Ախալքալաքում հույները ապրում են քաղաքում, Խոսպիո և Բավրա գյուղերում։

greki

Օսմանյան կայսրությունում հույների սպանդն իրագործվել է 1915-ից 1923 թվականներին, սակայն մայիսի 19-ը համարվում է Պոնտոսի հույների ցեղասպանության օր, քանի որ 1919 թվականի այս օրը Քեմալ փաշայի զորքերը սարսափելի կոտորած են իրականացրել հույների նկատմամբ։ Այս օրը Կերասունդում սպանվել է մոտ 23 000 հույն։

Հույների ցեղասպանությունը սկսվել է Քեոս կղզուց, որտեղ ընդամենը մեկ գիշերում բնաջնջվել է 124 000 հույն, կենդանի են թողել միայն կանանց, որոնց սպասվում էր ստրկի ու հարճի ճակատագիր և տկար ծերերին, այն էլ ընդհանուրը միայն 4000 մարդու։

genocid