Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար։
X-ի իր էջում Միրզոյանը վերահաստատել է՝ Հայաստանն ունի քաղաքական կամք՝ Ադրբեջանի հետ ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնելու և կնքելու խաղաղության պայմանագիր, որը կայունություն ու խաղաղություն կբերի Հարավային Կովկասին։
Հանդիպումից հետո ԱՄՆ պետդեպարտամենտն է նաև հաղորդագրություն տարածել՝ նշելով, որ Բլինքենը Միրզոյանի ու Բայրամովի հետ քննարկել է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և խրախուսել հետագա քայլերն՝ այն հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար։
Պետքարտուղարը ընդգծել է նաև խաղաղության կարևորությունը տարածաշրջանային կապերի խթանման ուղղությամբ, ինչը, պետքարտուղարի համոզմամբ, բխում է ողջ Հարավային Կովկասի շահերից։
Երեկ Վաշինգտոնում տեղի է ունեցել Միրզոյան-Բայրով-Բլինքեն եռակողմ հանդիպումը։
Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ Պետքարտուղարը ելույթ է ունեցել, շեշտելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարություններն էլ հաղորդագրոթյուններում նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները:
Թեև Երևանն առաջարկել է Բաքվին մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։
Վերջին շրջանում Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խնդրահարույց համարելով, որ Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։
Երևանը պարբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապակցելով։