33 տարի է անցել Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի ու ավերիչ երկրաշարժից։

1988 թվական դեկտեմբերի 7-ին ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում, ուր ապրում էր 1 միլիոն մարդ, տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ցնցվել է Հայաստանի հյուսիսային շրջանները: Ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ:

Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան է մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, նրանցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհվել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար մարդ) և Սպիտակում (4 հազար մարդ):

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է կրթական 917 օջախ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ:

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ։

Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օգնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ։ Համակողմանի օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղաղախստանից և ԽՍՀՄ մյուս Հանրապետություններից Հայաստան էին ժամանել հազարավոր փրկարարներ, բժիշկներ, շինարարներ և այլ մասնագետներ։ Նրանք իրենց հետ բերում էին սննդամթերք, բժշկական սարքավորումներ, դեղորայք, վրաններ, շինարարական տեխնիկա և այլն։

ՀՀ ԱԻն նախարարության պատրաստած «Սպիտակի 1988թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով եվ մեկնաբանություններով» գիրք-ալբոմի մեջ նշված է.

«Սպիտակի 1988թ. երկրաշարժը սեյսմաբանական տեսակետից չի համարվում բացառիկ երևույթ:
Երկրագնդի վրա տարեկան այդ մագնիտուդի երկրաշարժեր լինում են 15-20 հատ: Սակայն այն հայտնի է իր ծանր հետևանքներով և համարվում է աշխարհի մանրամասն ու համակողմանի ուսումնասիրված երկրաշարժերից մեկը: Այս տեսակետից Սպիտակի երկրաշարժն ուսանելի է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում սեյսմիկ աղետների դեմ պայքարում: Սպիտակ- 88-ի մասին գրվել են բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, նկարահանվել են ֆիլմեր, համացանց են տեղադրվել բազմաթիվ նյութեր, սակայն դժվար է այս բոլորի միջից զատել կարևորն ու անհրաժեշտը: Բացի դրանից, ուժեղ երկրաշարժը հարյուրավոր բնական աղետներից այն եզակին է, որը խաթարում է կյանքի բոլոր ոլորտներն առանց բացառության, այսինքն՝ կարիք է զգացվում մասնագետի կողմից երկրաշարժի համակողմանի ներկայացման: …

Երկրաշարժն անսպասելի էր բոլորի համար: Նույնիսկ մասնագետները չէին սպասում այդպիսի ուժի ցնցումների, որի ժամանակ մարդ ոտքի վրա կանգնած մնալ չէր կարող: Անսպասելի էին նաև ավերածությունների մասշտաբները: Թե´ իշխանությունները, թե´ բնակչությունն անպատրաստ էին արձագանքելու աղետին: Ստեղծվեց մի բարդ և չկառավարվող իրավիճակ: Ընդհատվեց բնակավայրերի
կենսաապահովումը, հատկապես քաղաքները վայրկյանների ընթացքում զրկվեցին էլեկտրականությունից, խմելու ջրից, գազամատակարարումից, ընդհատվեց հեռախոսային կապը:

Հետագայում պարզվեց, որ էպիկենտրոնային գոտում վնասված էին նաև Վրաստանից Հայաստան մտնող երկաթգիծը և ավտոմայրուղիները: Ավերվեցին բազմաթիվ շենք-շինություններ, տասնյակ հազարավոր մարդիկ միանգամից բժշկական և փրկարարական օգնության կարիք ունեցան: Ավերման գոտու առողջապահական հիմնարկների մեծ մասը շարքից դուրս եկան, եղան կորուստներ բուժաշխատողներից: Հիվանդանոցները չէին կարող վիրաբուժական օգնություն ցույց տալ էլեկտրական հոսանքի, ջրի, ջեռուցման բացակայության պատճառով նույնիսկ այն դեպքում, երբ շենքը չէր
փլուզվել։

Հիվանդին հիվանդանոց հասցնելը դժվարացավ տարբեր պատճառներով: Եթե նույնիսկ հիվանդին բերում էին հիվանդանոց, նրանց մեծ քանակի, բուժաշխատողների պակասի և աշխատանքային նվազագույն պայմանների բացակայության պատճառով բուժօգնությունը հաճախ անգամ չէր իրականանում: Խոշոր քաղաքներից բնակիչներն իրենց նախաձեռնությամբ տուժածներին տեղափոխեցին մոտակա քիչ տուժած բնակավայրերի բժշկական հիմնարկներ:

Երկրաշարժից մի քանի ժամ հետո հատկապես Երևանից և Վրաստանից օգնության հասան բժիշկները: Աղետի գոտու բնակչությունը, անպատրաստ լինելով հանդերձ, տուժածներին ցուցաբերում էր որոշակի նախաբժշկական օգնություն: Երկրաշարժից մի քանի ժամ հետո քաղաքներ մուտք գործեցին այնքան ավտոմեքենաներ, որ առաջացան խցանումներ, և տրանսպորտային երթևեկությունը քաղաքներում կանգ առավ: Սրան նպաստեց նաև շենքերի քանդվելու հետևանքով փողոցների անանցանելի դառնալը:

Չկային պրոֆեսիոնալ փրկարարներ, և աղետի առաջին երկու օրը, այդ աշխատանքներն իրականացնում էր չպատրաստված և համապատասխան գործիքներով ու տեխնիկայով չզինված բնակչությունը: Իշխանություններն ի վիճակի չէին վերահսկելու ստեղծված իրավիճակը:

Քանի որ ձմեռ էր, և որոշ շենքերում ջեռուցումն իրականացվում էր էլեկտրական բաց սպիրալներով տաքացուցիչներով, բնակավայրերի տարբեր մասերում սկսեցին առաջանալ հրդեհներ: Հեռախոսային կապի, ջրամատակարարման բացակայությունը և փողոցների խցանումները թույլ չէին տալիս իրականացնել արդյունավետ հրդեհաշիջում: Գիշերով փրկարարական աշխատանքներ իրականացնող բնակիչների կողմից լուսավորելու նպատակով օգտագործված կրակից անզգուշության հետևանքով բռնկվեցին նոր հրդեհներ, իսկ փլատակներում բռնկված հրդեհը մարելը համարյա անհնարին էր, որի պատճառով զոհվեցին փլատակներում կենդանի մնացած մարդիկ:

Արդեն երկրորդ օրն ավերված քաղաքների բնակչությունը սննդի, ջրի, տաք հագուստների, ժամանակավոր կացարանների խիստ կարիք ուներ: Եթե նույնիսկ բազմաբնակարան շենքերը երկրաշարժից չէին տուժել, միևնույնն է, բնակիչները վախենում էին շենք մտնել՝ նախընտրելով գիշերել բաց երկնքի տակ:

Երրորդ օրը միայն, երբ ավերված քաղաքներ մտան զինվորականները, ներքին գործերի նախարարության աշխատողները, կամաց–կամաց իրավիճակը դարձավ կառավարելի»։

Արտատպված է Panorama.am կայքից