Արդեն երրորդ օրն է՝ դեպի շրջափակված Արցախ մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։
«Ինչպես և ի սկզբանե հայտնվել էր, նախաձեռնությունը սկսվել էր՝ սահմանված կարգով այդ մասին դիմում ներկայացնելով (ռուսական կողմից- խմբ.), և այս դիմումի պատասխանի մասով այս պահին նորություն հայտնել չեմ կարող», – լրագրողներին ասել է Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կառավարման խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը երեկ բեռնատարների դիմաց հայտարարել է, որ մեքենաները շարունակելու են մնալ այստեղ այնքան, որքան անհրաժեշտ է՝ չհստակեցնելով, սակայն, արդյոք խոսքը օրերի, շաբաթների մասին է։
400 տոննա մարդասիրական օգնությունը հուլիսի 27-ի առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվել է դեպի Արցախ, հասել Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված էր բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 230 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Սակայն, այն դեռևս միայն հայկական անցակետն է անցել ու կանգնել։ Չնայած դեսպանների ներկայությամբ դրա պարունակությունն ստուգվել է, միջազգային կառույցների ներկայացուցիչները նաև երեկ տեղում են եղել, պաշտոնական Բաքուն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ՝ նշելով, որ դա արվում է «մարդասիրական բեռի» անվան տակ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հումանիտար բեռների մուտքը թույլ չտալը Ադբրեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության մտադրություն է որակել։
Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը։ Բաքվի պատճառաբանությունն այն է, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։ Բաքուն հայտարարել է, թե երթևեկությունը միջանցքով ժամանակավորապես կասեցվել է «մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտը»: Հուլիսի 14-ին ԿԽՄԿ մեկ մեքենա է անցել, որից հետո կրկին ոչ մի մեքենա չի անցել, ևս մեկ մեքենա է անցել հուլիսի 27-ին։