Երեկ, Վրաստանի իշխանական TV Imedi-ի եթերում մածունի արտահանման սահմանափակելու մասին ցուցադրված տեսագրությունում մածունի շշի վրա գրված էր՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։ Այսօր TV Imedi-ին արդեն հեռացրել է նյութը կայքից և ներողություն խնդրել «տեխնիկական սխալի» համար», բայց սխալի պատճառը պարզ չէ:

Քաղաքական սադրիչ ֆոնը մածունի Վրաստան ներկրման արգելքի մասին տեսանյութում նկատել և իր ֆեյսբուքյան էջում տարածել էր քաղաքացիական ակտիվիստ Գիորգի Թումասյանը։

Այս թեման քննարկման թեմա դարձավ բոլոր լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև հասարակության անդամների կողմից։

JNEWS-ը դիմեց հեռուսատընկերությանը տեղեկանալու, թե ինչու՞ է այդպիսի գրությունով շշեր եղել տեսանյութում: Նախ ասացին, որ մեզ հետ կզանգեն, այնուհետև ուղարկեցին հեռուստաընկերության հայտարարության հղումը՝ ի պատասխան, թե ինչո՞ւ է եթերում եղել թեմայի նմանատիպ ձևակերպում:

Ինչ վերաբերում է տեսագրությանը, ապա այս պահին այդ հղումով էջը չի բացվում, ինչից կարելի է եզրակացնել, որ տեսագրությունը հեռացվել է հենց հեռուստաընկերության ներկայացուցիչնեըի կողմից։

tv imedi

«Իմեդի» հեռուստաընկերության տարածած տեղեկությունում նշված է․

««Քրոնիկա»-յի 20:00-ի թողարկման ժամանակ սխալ է եղել, մասնավորապես, տեսանյութ ներկայացնելիս՝ «Վրացական Մածոնին ընդդեմ Մածունի», օգտագործված լուսանկարի մակագրությունը չի համապատասխանում բնօրինակին։ «Իմեդի» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա տեխնիկական սխալ է եղել՝ մտահոգություն է հայտնում և ներողություն խնդրում սխալի համար։ Տեսանյութի այս հատվածը կհեռացվի հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից»։

Հիշեցնենք, որ Վրաստանն արգելել է Հայաստանին Վրաստանի տարածքով Ռուսաստան արտահանել «Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերքը, այս մասին հայտնել էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Նշվում է, որ Վրաստանը «Մացոնի»-ին ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (Geographical indication, GI):