Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Ինչպես նաև Այլակերպության տոն, քանի որ այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակի օրն է, որն ըստ ավանդության տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա, երբ Քրիստոսն իր աշակերտներին «ներկայացավ» արդեն որպես տիրոջ զավակ:
Այսօր առավոտյան Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ:
Վարդավառը հայկական ամենահին տոներից է։ Նախաքրիստոնեական հայերը նշում էին այս տոնը։ Վարդավառի տոնը հին ժամանակներում հայկական դիցաբանության մեջ կապվում էր ջրի, սիրո, պտղաբերության և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վարդավառի տոնը նշվում է ժողովրդական մեծ տոնախմբություններով։ Աստղիկի տաճարում վարդեր էին թողնում, աղավնիներ բաց թողնում երկինք ու ջուր լցնում իրար վրա։
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ: