Այսօր՝ մայիսի 8-ին, Վիրահայոց թեմը հայտարարություն է տարածել, որում թեմակալ առաջնորդն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանում սկիզբ առած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը։
«Վիրահայոց թեմը, առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ, աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը և հայտում է իր զորակցությունը շարժման բոլոր մասնակիցներին ու շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին: Ի պատասխան՝ «Տաճարը հաղթում է փողոցին» Սրբազանի թեզին, վրացահայությունը «Հայաստան, հայրենիք և Աստված» կոչով միանում է համազգային շարժմանը», – կարդում ենք Վիրահայոց թեմի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ արդեն չորրորդ օրն է շարունակում են երթը դեպի մայրաքաղաք Երևան։ Համաժողովրդական բողոքի պատճառը Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի պահանջներին միակողմանի զիջումներն են։
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման անդամներն իրենց երթն սկսել են Կիրանցից։ Նրանք մտադիր են մինչև մայիսի 9-ի կեսօր հասնել Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ նախատեսված է համազգային մեծ հանրահավաք։