«Վրաստանի Հանրապետական կուսակցության» անդամները կոչ են անում իշխանություններին վերանայել Վրաց Ուղղափառ եկեղեցու պետական ֆինանսավորման համակարգը:
Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են Հանրապետական կուսակցության առաջնորդներ՝ Թամար Կորձաիան և Խաթունա Սամնիձեն:
«Շևարդնաձեի և Աբաշիձեի ժամանակներից աճեց եկեղեցու ֆինանսավորումը», – հայտարարեց Սամնիձեն: Նա նաև մտահոգություն հայտնեց, որ չի վերահսկվում եկեղեցուն գույքի փոխանցման գործընթացը:
Հանրապետական կուսակցության անդամները կարծում են, որ այս քաղաքականության հետևանքով եկեղեցին դարձել է իշխանության ինքնավար մասնիկը:
«Նման դժվար պայմաններում անհրաժեշտ է առանձնացնել եկեղեցին պետությունից: Եվ այս գործընթացը, առաջին հերթին պետք է սկսել եկեղեցու ֆինանսավորման քաղաքականության փոփոխությունից»:
Վրաց ուղղափառ եկեղեցին երկար տարիներ շարունակ եղել է միակ հոգևոր միավորումը, որը ֆինանսավորվում է պետբյուջեից: 2016 թ-ի բյուջեից Վրաց ուղղափառ եկեղեցուն հատկացվել էր 25 մլն լարի: Ըստ կառավարության որոշման, սկսած 2014 թ.-ից պետական ֆինանսական օգնություն ստանում են նաև երկրի չորս ավանդական կրոնական համայնքներ: Դրանք են՝ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաց կաթոլիկները, մահմեդականները և հրեաները:
Լուսինե Աստոյան