Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները մի քանի տարի է փակ են։ Եկեղեցին վերանորոգման կարիք ունի։ Կարծախցիները հանգանակություն են անում եկեղեցին վերանորոգելու համար, զւոգահեռ աշխատանքներն իրականացնելու թույլտվություն ստանալու դիմում են ներկայացրել։

Կարծախի կենտրոնում է գտնվում գյուղի Սուրբ Հովհհաննես Կարապետ եկեղեցին։ Բարձր գմբեթով և գեղեցիկ ճարտարապետությամբ այն գրավում է յուրաքանչյուր անծանոթի, ով առաջին անգամ է գյուղում։ Հեռվից աչք են ծակում եկեղեցու պատերին աճած վայրի բույսերը, որի պատճառը խոնավությունն է։ Խնդիրը կայանում է նրանում, որ եկեղեցու կտուրը բաց տեղեր ունի և անձրևոտ եղանակին ջուրը ներս է լցվում։ 2021 թվականից մինչև օրս եկեղեցում ոչ մի ծիսակարգ չի կատարվել, դռները ժամանակվոր փակ են։ Տեսնելով եկեղեցու անմխիթար վիճակը Կարծախցիները աշխարհի բոլոր անկյուններից սկսել են գումար հանգանակել, որպեսզի վերանորոգեն այն։ Նրանց ցանկությունը մեկն է՝ կրկին տեսնել իրենց եկեղեցին բարեկարգ, որտեղ հնարավոր կլինի մկրտություն ու պսակադրություն անել։

4

Վերջին անգամ եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 2011 թվականին՝ ծնունդով կարծախցի մի խումբ բարերաների նյութական աջակցությամբ: Իսկ 2012 թվականին հանդիսավոր բացումն է եղել։ Սակայն, ըստ գյուղացիների՝ սխալ արված աշխատանքների պատճառով, եկեղեցու տանիքից անձրևաջուրը ներս է հոսում։ Արդյունքում եկեղեցու ներսն այսօրվա դրությամբ ամբողջովին բորբոսի մեջ է։ Որոշ սրբապատկերներ, նույնիսկ հնարավոր չի եղել փրկել, հիմնական մասը չի պաշտպանվել, գորգերը հավաքել են ու պահել։

7

3

«Մինչև 2020-2021 թվականները Տեր Տիգրանը միշտ գալիս էր, պատարագ էր անում, նշում էինք տաղավար տոները։ Ամիսը ամենաքիչը երկու անգամ գալիս էր Տեր Հայրը, հետո երբ ինքը գնաց, այլևս եկեղեցու դռները չեն բացվել։ Մենք շատ ենք ուզում, որ մեր եկեղեցին միշտ գործի, մկրտություն անենք, պսակադրություն անենք։ Բոլորն էլ ցանկություն ունեն գյուղի եկեղեցում պսակվելու», – ասում են Կարծախ գյուղի բնակիչները։

2

Բնակիչները մի անգամ չէ, որ փորձել են քայլեր ձեռնարկել եկեղեցին խոնավությունից փրկելու՝ սկսել են գումար հավաքել, բայց շինարարության թույլտվության խնդիր են ունեցել։

«Անցած տարի անձրև չկար լավ էր, սակայն այս տարի անձրև շատ տեղաց, պատերը բորբոսնել են, կանաչել», – ավելացնում են գյուղացիները։

Կարծախցիների խոսքերով, իրենք Հայաստանից մի քանի անգամ վարպետներ են հրավիրել, որպեսզի տեսնեն և գնահատեն, թե ինչպիսի աշխատանքներ են անհրաժեշտ իրականացնել եկեղեցին վերանորոգելու համար։

6

Ախալքալաքի քաղաքապետարանում Կարծախ գյուղի ներկայացուցիչ Գաբրիել Կարապեյանի խոսքով,  շինթույլտվություն ստանալու համար փաստաթղթերն արդեն ներկայացրել են համապատասխան մարմիններին։

«Դիմել ենք թույլտվություն ստանալու համար, դեռ սպասում ենք պատասխանի։ Հավաքված գումարից ես տեղյակ չեմ», – ասաց նա։

Թե կոնկրետ ինչքան գումար է հանգանակվել, գյուղացիները չեն նշում, բայց վստահեցնում են՝ եղածը բավարար է շինարարական աշխատանքների մեկնարկի համար։

5

Նշենք, որ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերաօծվել է 2012թ. հուլիսի 14-ին: Եկեղեցու տանիքը ամբողջությամբ քարե սալիկներով է պատված: Սոցիալիստական կարգերի ժամանակ Կարծախի եկեղեցին անցնում է պետության ձեռքը, 1929-ին եկեղեցին փակում են, իսկ 1933-ին այն վերածում պահեստի: 1992 թվին եկեղեցին խոնարհվում է, և միայն շուրջ 20 տարի անց եկեղեցին վերակառուցվում ու վերաբացվում է: Այսօր այն գործող եկեղեցի է, հիմնադրված XIX դարի 30-ական թվականներին, որը կրկին ժամանակավորապես փակ է։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝