Այսօր՝ հուլիսի 6-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում տեղի ունեցավ «Ուսուցչի ազգային մրցանակ» նախագծի՝ շրջանային փուլի հաղթողների մրցանակաբաշխությունը: Մրցույթին մասնակցել է 19 դպրոց, որոնցից հաղթող ճանաչվեց չորսը։
Կենտրոնական զբոսայգին մարդաշատ էր, հավաքվել էին տարբեր գյուղերի և քաղաքի ուսուցչական կոլեկտիվները, որոնք անհամբեր սպասում էին հաղթողների անուններին:
Միջոցառումը բացեց Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը, շնորհավորելով յուրաքանչյուր ուսուցչի, ով մասնակցել է նախագծին: Ինչպես նաև կարևորեց այս նախագծի շարունակական լինելը։
Այսպիսով՝ հաղթող ճանաչվեց 4 դպորցի նախագիծ:
Պտենայի հանրային դպրոցից Սոփո Գվարամաձեն “Ընկերացիր” նախագծով, Ազավրեթի հանրային դպրոցից Մետաքսիա Սերոբյանը՝ “Ամենագեղեցիկ մշակված դպրոցի բակը”, քաղաքի թիվ 2 դպրոցից Կարինե Հովհաննիսյանը` “Խոսք` գրքի ակումբ” և քաղաքի թիվ 4 դպրոցից Թագուհի Սարգսյանը՝ “Թատերական արվեստի զարգացումը, Թումանյանի հեքիաթների զուգակցմամբ” նախագծով:
Հաղթող և բոլոր մասնակից ուսուցիչներին տրվեց ֆինանսական խրախուսական պարգև:
Հաղթողները անսպասելիորեն անակնկալի էին եկել:
“Դպրոցի տնօրինությունը մեզ տեղեկացրեց, որ այսպիսի նախագիծ է մշակվել, և պետք էր, որ ուսուցիչները ներկայացնեին կամ խմբային, կամ անհատական աշխատանքներ: Քանի որ ժամանակը շատ կարճ էր, աշխատեցի ես ինքս, մենք երևի կարող էինք նաև շատ հրաշալի խմբային աշխատանք ներկայացնել։ Եվ զարմացած եմ, և հուզված, և ուրախ, և հպարտ”, – ասաց նախագծի հաղթող, քաղաքի թիվ 4 հանրային դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թագուհի Սարգսյանը:
Ներկաների շարքում էին նաև՝ Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետի երկրորդ տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, քաղաքապետարանի Կրթա-մշակութային ծառայության ղեկավար Օլիկո Մելիքիձեն, Սակրեբուլոյի հանձնաժողովների նախագահներ Սեդա Մելքումյանը և Սողոմոն Ասլանյանը և այլ պաշտոնատար անձիք:
Խոսքով հանդես եկան սակրեբուլոյի պատգամավորներ Համլետ Մովսիսյանը, Սեդա Մելքումյանը, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը և տարբեր դպրոցների ուսուցիչներ:
Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամն է, որ մինչև ազգային մակարդակ հասնելը, Ախալքալաքում կազմակերպվեց մրցույթ՝ տեղական մակարդակով, որին մասնակցելու հնարավորություն տրվեց մունիցիպալիտետի հանրային դպրոցների ուսուցիչներին՝ ինչպես անհատապես, այնպես էլ խմբով: Նախագիծը իրականացվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի և ԿԳ նախարարության ֆինանսական աջակցությամբ: Այս մրցույթի հաղթողները կարող են մասնակցել արդեն «Ուսուցչի ազգային մրցանակ» նախագծին։
Կարող եք կարդալ նաև՝