Աշակերտների ծնողները ահազանգում են: Գումբուրդոյում 312 երեխա շարունակում է վթարային դպրոց հաճախել, չնայած նորակառույց դպրոցը պատրաստ է շահագործման, սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով նոր շենք տեղափոխվելը հետաձգվում է:

mijancq

jnews-ի խմբագրությունը ահազանգ ստացավ Գումբուրդո գյուղից, 4 աշակերտների պապ Ալբերտ Գալոյանից:

«Դպրոց ունենք ու չունենք, ինչի՞ իմ թոռները պետք է այս դպրոցում սովորեն: Աստված ոչ անի մի բան եղավ, ո՞վ է պատասխան տալու, տնօրենի պատասխանատվության տակ է: Եթե հանկարծ տանիքը փլվի երեխաների վրա ի՞նչ է լինելու: 20 տարի է մեր երեխաները անմարդկային պայմաններում են դասի գնում»,- ասաց Ալբերտ Գալոյանը:

Միաժամանակ ավելացնելով, որ եթե այսպես շարունակվի, ապա իր թոռներին դպրոց չի ուղարկի:

erexaner

1997 թվականին Գումբուրդոյի դպրոցի շենքը վառել է, և այդ ժամանակվանից դասերն ընթանում են գյուղի ակումբի շենքում: Երկար տարիներ անց վերջապես բարերարի միջոցներով նոր դպրոց է կառոցվել, շենքը շահագործման պատրաստ է հենց 2017-2018 ուսումնական տարվա սկզբից:

dproc

Դպրոցի տնօրեն Արմենակ Փոլորչյանը jnews-ի հետ զրույցում վստահեցրեց, եթե իր հայեցողությանը մնար, ապա սեպտեմբերի 15-ից նոր դպրոց կտեղափոխվեին:

«Մինչև նոր դպրոցը նախարարության բալանսին չնստի, մենք իրավունք չունենք տեղափոխվելու: Մեր նախարարությունը պատրաստ է դպրոցն ընդունելու, ուղղակի փաստաթղթերի խնդիր կա: Քանի որ դա ուրիշի սեփականությունն է, մենք իրավունք չունենք տեղափոխվելու: Իրենք ասում են, որ պատրաստ են մեզ տրամադրել, բայց մենակ խոսքը չէ», – ասաց Գումբուրդո գյուղի դպրոցի տնօրեն Արմենակ Փոլորչյանը:

tnoren

Չնայած յուրաքանչյուր դասասենյակում վառարան է վառվում, սակայն երեխաները շարունակում են վերարկուներով դասի նստել: Դպրոցի ներսի ջերմաստիճանն առանձնապես չէր տարբերվում դրսից: Այնինչ առավոտվանից մինչև երեկո այս շենքում երեխաները երկու հերթափոխով դաս են անում, ոչ բավարար դասասենյակների պատճառով:

hatak

Ծնունդով ջավախքցի բարերարները միացել են և Գումբուրդո գյուղի համար նոր դպրոց են կառուցել: Նոր դպրոցի շինարարական աշխատանքներն ավարտված են: Դպրոցը նախատեսված է 392 աշակերտի համար: Այն երկհարկանի, տիպային կառույց է, հագեցված մարզական բոլոր հարմարություններով, միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտից մինչև լողավազան: Դպրոցը զբաղեցնում է 1700 քառակուսի մետր տարածք: Շենքի սեսմակայունությունը 10 բալ է:

grataxtak
Խնդիրը նրանում է, որ երկարաձգվում է նոր դպրոցի հողի կատեգորիայի փոփոխությունը և սեփականաշնորհումը:
նոր կառուցված դպրոցի շինարարության պատասխանատու Միսակ Կուրղինյանի խոսքերով, մինչև դեկտեմբերի վերջ բոլոր փաստաթղթային ձևակերպումները պատրաստ կլինեն և երեխաները հնարավորություն կունենան նորակառույց դպրոցում ուսանել:

«Մարդիկ եկան հենց տեղում չափեցին, հողը սեփականաշնորհել են, հիմա հողի կատեգորիան պետք է փոխեն, ասացին մինչև դեկտեմբերի վերջ պատրաստ կլինի: Դա, որ եղավ, խնդիր չի լինի: Մարդիկ հետաքրքրված չեն դպրոց տեղափոխվելու: Ես տնօրինությանն ասացի, որ երեխաները մեղք են, առաջարկեցի վարձակալությամբ պայմանագիր կնքենք, մինչև փաստաթղթերը պատրաստ լինեն: Նրանք ասում են՝ չէ մենք չենք կարող, չեն թույլատրում, նախարարը ինչպես չի թույլատրում, ես մի բան եմ հասկանում, որ իրենց մոտ հետաքրքրություն չկա», – ասաց Միսակ Կուրղինյանը:

vararann

Ջավախքում արդեն ցրտաշունչ ձմեռը հաստատել է իր դիրքերը: Գումբուրդո գյուղի երեխաները շարունակում են ցուրտ դասասենյակներում, վթարային դպրոցում դասի գնալ: Այնինչ շրջանի բոլոր երեխաները երանի են տալիս գումբուրդոցիներին, որ նման եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր դպրոց ունեն:

Աղունիկ Այվազյան