Լարիսա Սերոբյանն ավելի քան կես դար անց է կացրել մի դպրոցի` Ախալքալաքի թիվ 4 (Դ. Դեմիրճյանի անվան) դպրոցի պատերի ներսում: Նախ, որպես աշակերտուհի, ապա՝ որպես ուսուցիչ: Նա այժմ 67 տարեկան է, որից 49-ը նվիրել է իր սիրելի մասնագիտությանը: Միայն մեկ տարի է մնացել կես դարը լրացնելու համար, սակայն Լարիսան որոշեց գնալ պատվավոր հանգստի, քանի որ նա չի պատրաստվում քննություններ հանձնել:

larisa12

Նպատակասլացություն, ջանասիրություն, զիջողամտություն և սերը աշակերտների հանդեպ, ահա այն հատկանիշները, որոնց պետք է տիրապետի ուսուցիչը, – շեշտում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լարիսա Սերոբյանը:

«Սերը մանկավարժության նկատմամբ իմ մեջ արթնացրել են իմ ուսուցիչները: Հայոց լեզվի և գրականության մեր ուսուցիչն էր դպրոցի ուսմասվար Հակոբյան Վարշամը: Զարմանալի մարդ, գիտելիքների հսկայական պաշարով, դերասանական տվյալների հետ մեկտեղ, ում պատմությունները մեզ միշտ ոգեշնչում էին: Եվ ես սիրահարվեցի այդ մասնագիտությանը», – պատմում է մեր հերոսուհին:

larisa3

Կառավարության նոր ծրագրի համաձայն, բոլոր ուսուցիչները պետք է հաստատեն իրենց նվազագույն իրավասությունը` հանձնելով քննություն, իսկ այն թոշակառու-մանկավարժները, ովքեր չեն ցանկանում հանձնել քննությունները, կարող են դրամական փոխհատուցում ստանալ՝ երկու տարվա աշխատավարձի չափով և հեռանալ աշխատանքից: Սերոբյան Լարիսան պատրաստվում է հրաժարական տալ:

«Իհարկե, ես ափսոսանք եմ զգում: Անհրաժեշտ էր լրացնել աշխատանքային գործներության 50-ամյակը: Տեսնենք, թե ինչ կլինի սեպտեմբերին` արդյոք այս ծրագիրը կմնա ուժի մեջ: Ես էլ ստիպված կլինեմ փաստել, որ 50 տարուց մեկ տարի պակաս եմ աշխատել, ահա այդպես կասեմ», – ծիծաղում է Լարիսան:

Մեր հերոսուհին խոստովանում է, որ միշտ աշխատել է սիրով, մշտապես զբաղվելով ինքնակատարելագործմամբ, մասնակցել է Վրաստանի տարբեր քաղաքներում անցկացված մասնագիտական դասընթացներին, ինքն էլ դասընթացներ է վարել: Խորհրդային Միությունում նա ունեցել է «Ավագ մանկավարժի» կոչում, իսկ դրանից հետո Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին նրան արժանացրել է «Տարվա լավագույն ուսուցչի» կոչմանը:

Այնուամենայնիվ, նա ավելի կարևոր է պարգև է համարում հասարակ մարդկանց գնահատականը, որոնց հետ նա առնչվում է իր առօրյա կյանքում:

larisa9

«Մենք աշխատել ենք Լարիսայի հետ երկար տարիներ, 1972 թվականից: Մանկավարժությունը մի արվեստ է, որը չի տրվում յուրաքանչյուրին, բայց նրան տրվել է ի ծնե: Նա չի դարձել ուսուցիչ, այլ այդպիսին ծնվել է: Ափսոսում եմ, որ նա այս տարի կհեռանա մեզանից», – այսպես արտահայտվեց 4-րդ դպրոցի տնօրեն Նաթելլա Գրիգորյանը:

Լարիսան նշում է, որ իր մասնագիտության դրական որակներից մեկը, երիտասարդ սերնդի հետ աշխատելու հնարավորությունն է: «Նրանք կենսուրախ են, եռանդուն, և նրանց հետ դու քեզ երիտասարդ ես զգում, – ասում է նա: – Բացի դրանից, ուսուցիչը ստիպված է միշտ ինքն իր վրա աշխատել, որպեսզի ավելի զարգացնի միտքը, թույլ չտալով որ այն սառի: Ուսուցիչը պետք է քայլի ժամանակի հետ և փորձի երիտասարդներից լիցքավորվել նոր էներգիայով ու եռանդով»:

Իր մասնագիտական կարիերայի ընթացքում մեր հերոսուհին միշտ կարողացել է համատեղել իր կենցաղը և կարիերան: Նա խոստովանում է, որ միշտ սիրել է խոհանոցը և տարբեր կերակուրներ պատրաստելը, և դա հաճույքով է արել՝ առանց հոգնածություն զգալու:

larisa8

Այնումանենայնիվ, ամեն ինչ իր ժամանակն ունի, և Լարիսա Սերոբյանը համոզված է, որ իր տարիքի ուսուցիչն այլեւս չի կարող լիարժեք կատարել իր աշխատանքը:

«Ինձ թվում է, որ աշակերտներին ավելի հաճելի են երիտասարդ ուսուցիչները, որոնցից թարմություն ու ուժ է հորդում: Նրանց հետ ավելի հետաքրքիր է, նրանք կարող են դաս սովորեցնել նոր մեթոդներով, օգտագործելով մուլտիմեդիա գործիքներ: Իսկ անհրաժեշտության դեպքում, մենք, հին դպրոցի ներկայացուցիչներս, միշտ կարող ենք օգնել նրանց», – ասում է ուսուցիչը: Մյուս կողմից, նա նշում է, որ տարածաշրջանում հայոց լեզվի և գրականության մասնագետների կարիք է զգացվում:

larisa4

Նա խոստովանում է, որ դպրոցից հեռանալն, իհարկե, դժվար է: Լարիսայի խոսքով, ամեն առավոտ նա արթնանում էր, գիտակցելով իր աշխատանքի կարևորությունը: «Շաբաթ երեկոյան ես արդեն կարոտում եմ դպրոցը և աշակերտներիս: Մարդը պետք է աշխատի: Այն կարգապահություն է մտցնում քո առօրյայում», – ավելացնում է Լարիսան:

Աշխատանքը նրան նվիրեց նաև ամենամտերիմ ընկերուհիներին, որոնց հետ նա անցել է իր կյանքի ամբողջ ուղին:

«Մենք 7 մտերիմ ընկերուհիներ էինք: Բարձր դասարանցիները մեզ հումորով անվանում էին «Հրաշալի յոթնյակ»: Առանց կեղծ համեստության պետք է փաստեմ, որ յոթս էլ տեսքով էինք և սլացիկ՝ Լարիսան, Լալան, Օֆելիան, Հրաչուհին, Ջուլիետան, Սվետլանան, Լենան:

Ամփոփելով իր կյանքը դպրոցում, նա նշում է ժպիտով. «Ես ինձ կարող եմ համարել երջանիկ մարդ».

larisa5