Այսօր՝ հուլիսի 28-ին, Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի ակումբում նշվեց ջավախահայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի պոեզիայի օրը։ Միջոցառումը կազմակերպել էր գյուղի գրադարանը։

Գյուղի ակումբը բավականին մեծ էր, բայց խոնավության հոտ էր գալիս և ցուրտ էր։ Չնայած դրան, մարդիկ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղից եկել էին ներկա գտնվելու հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի պոեզիային նվիրված միջոցառմանը։

diliska 6

Բեմում էին աղջիկները, ովքեր երգեցին հայկական երգեր, պատմեցին բանաստեղծի կենսագրությունն ու ընթերցեցին նրա բանաստեղծությունները։

Diliska

Կազմակերպիչ, գրադարանավար Հասմիկ Նահատակյանի խոսքով, միջոցառումը կազմակերպվել է պարբերական ակտիվությունների շրջանակում։

«Չնայած բանաստեղծը ծնվել է փետրվարի 9-ին, սակայն Ջավախքում ընդունված է նրա ծննդյան տարեդարձը նշել ամռանը՝ հուլիսի վերջին։ Մեր միջոցառմանը մասնակցում են մեր գրադարանի ակտիվ ընթերցողները, ինչպես տեսնում եք՝ աղջիկներն ակտիվ են։ Մենք պետք է մեր աշխատանքի շրջանակներում ակտիվություններ անցկացնենք, թեման ազատ է»,- ասում է Հասմիկ Նահատակյանը։

Diliska 3
Diliska 2

Դիլիսկայում գործում է գրադարան, սակայն, ըստ Հասմիկ Նահատակյանի, ձմռանն ընթերցողների ակտիվությունը նվազում է, քանի որ ջեռուցման հետ կապված խնդիրներ ունեն, իսկ գրադարանի գրքային ֆոնդը 1993 թվականից չի թարմացվել։ Դիլիսկայի գրադարանն ունի 6000 գիրք, սակայն նրա խոսքով՝ ընթերցողներին հաճախ ստիպված են լինում հետ դարձնդլ, քանի որ նրանց ցանկալի նոր գրքերը իրենց գրադարանում պարզապես չկան։