Այսօր՝ փետրվարի 4-ին, Ախալքալաքի շրջանի Կաջո գյուղի մանկապարտեզի բակում տեղի ունեցավ խաղահրապարակի բացում: Մանկական խաղահրապարակը գյուղի ակտիվ երիտասարդների նախագիծն է, որը ֆինանսավորել է «Կանայք հանուն Ջավախեթիի ապագայի», Կանանց «Տասո» հիմնադրամի կողմից:
Խաղահրապրակ բացելու միտքը առաջացել է գյուղի երիտասարդների մոտ, երբ հիմնադրամն առաջարկել է նախագծեր առաջարկել իրենց: Կաջո գյուղից երկու նախագիծ է ներկայացվել, հաղթել է այս նախագիծը:
Նախագծի հեղինակներից է Կաջոյից Ամալյա Պապիկյանը: Նրա խոսքով, նպատակը երեխաների զբաղվածության համար պայմաններ ստեղծելն է, որտեղ կկարողանան խաղալ ոչ միայն Կաջո, այլ նաև հարակից գյուղերի երեխաները: Թիմի անվանումը, որի մասնակիցներից է Ամալյան «Ֆրակտալեր» է, որը նշանակում է անհատներ, որոնք համախմբվում են մեկ գաղափարի շուրջ:
«Մենք մեր հնարավորություների սահմաներում արեցինք ամեն ինչ: Կարողանանք գյուղի համար լավ բան անել ու հասնել նրան, որ խաղահրապարակը բացվի: Երեխաներն արդեն հնարավորություն ունեն մանկապարտեզի բակում խաղալու», – նշում է Ամալյան:
Կաջոյում մանկական խաղահրապարակի բացմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը և այլ պաշտոնյաներ:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո, նախագծի հեղինակները պատմեցին նախագծի ընթացքի մասին, այնուհետև հանդես եկան երաժշտական և պարային տարբեր համարներով, որի ավրատին տեղի ունեցավ հյուրասիրություն:
Գյուղացիները մեծ ուրախությամբ ու ոգևորվածությամբ ընդունեցին մանկապարտեզի բակում խաղահրապարակի բացումը: Նրանց խոսքով, սա լավ հնարավորություն է իրենց երեխաների համար, քանի որ փոքրիկներն իրենց ժամանակի մեծ մասը վատնում են հեռախոսային խաղերի վրա, իսկ հիմա հնարավորություն ունեն խաղահրապարակում խաղալու: