Շինարարությունն սկսելուց երեք տարի անց՝ մարտի 15-ից, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կումուրդո (Գումբուրդո) գյուղի մանկապարտեզը սկսեց գործել։ Մանկապարտեզի կառուցման վրա տեղական բյուջեից ծախսվել է 1 033 736 լարի։
Մանկապարտեզն ամբողջությամբ համալրված է ուսուցիչներով և սպասարկող անձնակազմով։ Կումուրդո գյուղի մանկապարտեզ է հաճախում 85 երեխա, որից 15-ը Կիրովական գյուղից են, մնացածը՝ Կումուրդոյից։ Մանկապարտեզում գործում է 3 խումբ: Շենքը նախատեսված է 100-120 երեխայի համար։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, մանկապարտեզ հաճախել ցանկացողներն ավելի շատ են։
«Սկզբում 90 երեխա կար, պարզապես մի քանիսը շատ փոքր էին, առանց ծնողի չմնացին: Նրանք կգան սեպտեմբերին: Պայմանները նորմալ են, ըստ նախագծի ինչ նախատեսված էր, կառուցել են, ուղակի մենք ուզում ենք երկրորդ հարկի խոհանոցում ևս ջուր անցկացնենք»,- ասաց Անահիտ Ասատուրյանը։
Կիրովական գյուղից երեխաներին տրանսպորտավորում են տեղական բյուջեի հաշվին։
Կումուրդոյի մանկապարտեզի շինարարությունը սկսվել էր 2020 թվականին և պետք է ավարտվեր երկու փուլով՝ 2021 թվականին։ 2021 թվականի նոյեմբերից, սակայն, ընկերությունը դադարել է աշխատել, ինչի պատճառով պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար տուգանվել է 15 000 լարիով։ Դրանից հետո շենքի հանձնման ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է։
Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 17 մանկապարտեզ, որից 2-ը այլընտրանքային են։ Դրանք Խանդո և Կոթելիյա գյուղերում են։
2023 թվականի հունվարի 16-ին Կարտիկամ գյուղի այլընտրանքային մանկապարտեզը փակվեց։ Մանկապարտեզ էին հաճախում 6-7 երեխա, ինչի պատճառով Մանկապարտեզների միավորումը որոշեց փակել այն և երեխաներին տեղափոխել Կուլիկամ գյուղ։
«Գրանցել էինք 10 երեխայի, բայց 6-7 երեխա էր հաճախում: Մենք երեխաներին ընդունել ենք Կուլիկամ գյուղի մանկապարտեզ: Աշխատողներին աշխատանքից չենք ազատել, նրանց էլ երեխաների հետ տեղափոխել ենք Կուլիկամ: Այնտեղ աշխատում էր 4 մանկավարժ»,- ասաց Անահիտ Ասատուրյանը: