Ոչ իշխանական հատվածի ներկայացուցիչները հիմնել են «Ազատության հրապարակ» քաղաքական շարժումը։ Շարժման շնորհանդեսը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, Թբիլիսիում։ Նոր քաղաքական ուժի առաջնորդն է «Բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոն» (EECMD, Eastern European Centre for Multiparty Democracy) ՀԿ-ի ղեկավար Լևան Ցուցքիրիձեն։
Ինչպես քաղաքական միավորման շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչներից մեկը՝ Լևան Ցուցքիրիձեն, հոկտեմբերի 26-ի ընտրություններում անպայման պետք է իշխանափոխություն տեղի ունենա։
«Իշխանափոխությունն անպայման պետք է լինի 2024 թվականի հոկտեմբերի 26-ին, բայց այն անպայման պետք է բերի այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում ոչ մի իշխանություն չի համարձակվի խախտել ժողովրդին տված իր խոստումը, ինչպես բազմիցս արել է «Վրացական երազանքը»։ Մենք կարծում ենք, որ բոլոր նրանք, ովքեր այս հարցում մեր դեմ չեն, մեզ հետ են։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր քաղաքացիական և քաղաքական խմբերի հետ, որոնք կիսում են մեր տեսլականը»,- ասել է Ցուցքիրիձեն՝ նշելով, որ իրենք նույնպես աջակցում են նախագահի ներկայացրած խարտիան։