«Արդար ընտրություններ» (ISFED) հասարակական կազմակերպությունը հրապարակել է Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին զուգահեռ ձայների հաշվարկի թարմացված արդյունքները: Եվ չնայած ՀԿ-ի զեկույցը թվերում ցույց է տվել տարբերություն, կազմակերպությունից խոստովանեցին, որ այդ անճշտությունները չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների և երկրի խորհրդարանում պատգամավորական մանդատների բաշխման վրա:

«Ներքին աուդիտի արդյունքները հաստատեցին PVT (ձայների զուգահեռ հաշվարկի) մեթոդաբանության ճշգրտությունը և դիտորդների կողմից տրամադրված տեղեկատվության հավաստիությունը: Սրա հետ մեկտեղ, ընտրական սուբյեկտների ստացած ձայների հաշվարկի բանաձևում բացահայտվել են թերություններ: Մասնավորապես, ընտրական սուբյեկտների ստացած ձայների հետ հաշվվել են անվավեր քվեաթերթիկներ նույնպես: Այս թերությունը շտկելուց հետո ընտրական սուբյեկտների ստացած ձայների տոկոսային մասը չնչին փոփոխությունների է ենթարկվել: Տարբերությունը չի ազդել որևէ ընտրական սուբյեկտի կողմից ստացված մանդատների քանակի վրա», – հայտարարել են ՀԿ-ից:

Միևնույն ժամանակ, «Արդար ընտրություններ» ՀԿ-ում ընդգծում են, որ դրանք իրականացրել են ընտրական ողջ գործընթացի համապարփակ ընտրադիտարկում: Դիտարկման արդյունքների հիման վրա ISFED-ը եկել է այն եզրակացության, որ 2020 թ.-ի խորհրդարանական ընտրություններն անցել են վերջին տարիների ամենացածր չափանիշներից մեկով: Դա արտահայտվել է նաև ընտրատեղամասային հանձնաժողովների արձանագրությունների 8%-ում հայտնաբերված անհավասարակշռությամբ:

Հասարակական կազմակերպության զեկույցի հայտնվելուց անմիջապես հետո իշխող «Վրացական երազանքը» ընդդիմությանը կոչ արեց ընտրությունները կեղծելու մեջ մեղադրելու համար ներողություն խնդրել: Ըստ խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի, ISFED-ի աշխատանքի արդյունքները վկայում են այն մասին, որ ԿԸՀ-ն օրենսդիր մարմնում ճիշտ է բաշխել մանդատները:

«Ուստի և ընդդիմության հիմնական մեղադրանքը, որ ընտրությունները կեղծվել են, անհիմն է», – հավելել է նա:

«Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախի Կալաձեն իր հերթին ասել է, որ ISFED-ի զեկույցը բոլոր առողջ դատող ընդդիմադիր կուսակցությունների համար ևս մեկ առիթ է` ընտրողների առջև իրենց պարտավորությունները կատարելու: Ըստ նրա՝ այս քաղաքական ուժերը պետք է «իրենց հապճեպ որոշումներով ստեղծված իրավիճակը փակուղուց դուրս բերեն»:

«Մենք ուզում ենք քաղաքականությամբ զբաղվել կուսակցությունների հետ, որոնք քաղաքական պատանդ չեն հանդիսանում և ունեն ձևավորած դիրքորոշում: Մենք ձեզ հորդորում ենք պատշաճ կերպով գնահատել իրականությունը: Մենք բոլորս ենք հաղթել՝ անկախ մանդատների քանակից: Մենք ունենք հարուստ գունապնակով խորհրդարան: Բանակցությունները պետք է շարունակվեն, համատեղ աշխատանքն ընտրական բարեփոխումների ուղղությամբ: Սա այն է, ինչ մեզանից սպասում են ընտրողները», – գրել է Կալաձեն իր ֆեյսբուքյան էջում:

Ընդդիմությունում, սակայն, «Արդար ընտրությունների» հայտարարությունն այդքան էլ լավատեսությամբ չընդունեցին: Ըստ «Եվրոպական Վրաստանի» ղեկավար առաջնորդներից մեկի՝ Գիգա Բոկերիայի, «Վրացական երազանքն» ամենայն հավանականությամբ, իմացել է ISFED-ի զուգահեռ հաշվարկի բանաձեւի թերությունների մասին: Իշխող կուսակցությունն ապօրինի հետևելով հասարակական կազմակերպության աշխատանքին՝ թակարդ է կազմակերպել ընդդիմության համար:

Դրանում համոզված է նաև «Միասնական ազգային շարժման» անդամ Խատիա Դեկանոիձեն: Զեկույցը գաղտնի հսկողության և փակ տվյալների բազա ներթափանցելու օրինակն է: Միևնույն ժամանակ, նա հասկացրեց, որ հրապարակված տվյալներում նշված չեն կեղծիքների բացակայության մասին. «Արձանագրություններում 8%-անոց անհավասարակշռությունը չի անհետացել: ISFED-ը չի հաշվում ձայները, այն հաշվում է արձանագրությունները: Միևնույն ժամանակ, արձանագրությունների բողոքարկումը չի բավարարվել»:

Այսուհանդերձ, «Քաղաքացիներ» շարժման առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին, ով արդեն ընդդիմությանը կոչ էր արել համակերպվել ընտրությունների արդյունքների հետ և պատրաստվում էր մտնել խորհրդարան, ասաց, որ ամենահեղինակավոր ՀԿ-ի զեկույցը, որը երկար տարիներ դիտարկում է Վրաստանում անցկացվող ընտրությունները, հարված էր ընդդիմությանը: «Ճիշտն ասած, ես երեք անգամ կարդացել եմ այս եզրակացությունը և սկզբում չհավատացի դրան, որոշեցի, որ դա կեղծ է»:

ISFED-ից էլ հայտնեցին, որ հասկանում են ընդդիմության արձագանքը: Կազմակերպության ղեկավար Էլենե Նիժարաձեի խոսքով՝ իրենց համար հեշտ չէր հայտարարություն հրապարակել այն մասին, որ ձայների զուգահեռ հաշվարկի ժամանակ լուրջ խախտումներ չեն եղել:

«Սա ISFED-ի՝ որպես կազմակերպության, և յուրաքանչյուր իր աշխատակցի համար ամենադժվար և սթրեսային շրջանն է: Ես կազմակերպությունում աշխատում եմ 2012 թվականից: Մենք նման բարդ խնդիր չենք ունեցել: Մենք ամենալավն ենք հասկանում այս իրադրությունը, բայց սա է իրականությունը, որքան էլ դա դժվար լինի», – հայտարարել է Նիժարաձեն:

Աղբյուրը՝ sova.news