28.06.2024
Views: 354 |
Author: Shushan Shirinyan
Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեի հերթական փոփոխության շրջանակներում որոշվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն մունիցիպալիտետում 2024 թվականին ։ Բյուջեում հերթական փոփոխությունը կատարվել է 780 974 լարիի չափով, որից 200 հազար լարին հատկացրել է կառավարությունը։
Հունիսի 25-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի վերջին նիստում Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանն ասաց, որ լավ ֆինանսական փաստաթղթեր պատրաստելու համար կառավարությունը մունիցիպալիտետին որպես խրախուսանք հատկացրել է 200 000 լարի։ Մայիսյան փոփոխություններից հետո բյուջեում եղել է 580 974 լարի մնացորդ։ Ուստի քաղաքապետարանը նախատեսել է 780 974 լարիի չափով ծախսեր։
Այս գումարը կօգտագործվի հետևյալ ծախսերի համար.
- Շոթա Ռուսթավելու անվան զբոսայգու բարեկարգում: Ըստ նախագծանախահաշվարկային փաստաթղթերի, պահանջվում է 168 004 լարի, մունիցիպալիտետը սկզբում հատկացրել էր 45 000 լարի, այս փոփոխության շրջանակներում ավելացվում է 123 004 լարի։
- Թիվ 3 մանկապարտեզի հարակից տարածքի բարեկարգում: Համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, աշխատանքների արժեքը կազմում է 262 121 լարի, սկզբում հատկացվել էր 150 000 լարի, ավելացվում է 112 121 լարի։
- Ազատության (Թավիսուփլեբա)փողոցի թիվ 70 շենքի ճակատային մասի վերանորոգում: Ծրագրի ընդհանուր արժոքը կազմում է 248 898 լարի, սկզբում հատկացվել է 100.000 լարի, ավելացվում է 148 898 լարի:
- Սարգսյան փողոցի Հավասու անվան զբոսայգու վերականգնում (ատրակցիոնների, տաղավարների տեղադրում): սկզբում հատկացվել էր 80000 լարի, ծրագրի գումարը կազմում է 328 057 լարի, բյուջեի վերջին փոփոխությունների շրջանակում ավելացվել է 245 057 լարի։
- Մալխասյան փողոցի ֆուտբոլի դաշտի (սպորտային համալիրի հարևանությամբ) վերանորոգում: Ծրագրի գումարը կազմում է 32742 լարի։
- Ախալքալաքի մշակույթի տան շենքի տանիքի մասնակի վերանորոգում, որի համար հատկացվել է 4540 լարի։
- Էլեկտրոնային աճուրդների հայտարարման համար հատկացվել է 1000 լարի։
- 55765 լարի է հատկացվել մարզագույքի ձեռքբերման և դրանք գյուղերին բաշխելու համար։
- 10000 լարի՝ Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնին, հեպատիտ C-ի բուժման համար:
- Քաղաքապետարանի վարչակազմը 615 լարի է խնդրել ծառայողական ավտոմեքենայի վերանորոգման համար։
- Նաև «Օգնություն գյուղին» ծրագրով, երեք գյուղի հատկացված գումարներին ավելացվել է 39692 լարի :
- Հունիսի 30-ին Ջիվանու տոնը նշելու համար հատկացվել է 3000 լարի։