Պետական աուդիտի ծառայությունը անցկացրել է Ախալքալաքի մունիցիպալիտետի 2021-2022 թվականների գործունեության աուդիտ։ Ստուգման արդյունքում տարբեր ոլորտներում հայտնաբերվել են թերություններ, այդ թվում՝ շինարարության, վերականգնման և շահագործման ոլորտներում։
Պետական աուդիտի հաշվետվության մեջ որպես առանձին կետ ներկայացված են ենթակառուցվածքային աշխատանքները։ Հաշվետվության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Անավարտ ենթակառուցվածքային ծրագրեր: Որոշ դեպքերում մունիցիպալիտետը չի կարողացել պատշաճ պլանավորել ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման/վերականգնման գործընթացը: Արդյունքում 5 օբյեկտ մնացել է կիսաշեն, մեկը չի գործում, իսկ դրանց վերականգնման համար հատկացված 336,2 հազար լարին ծախսվել է անարդյունավետ։
Չօգտագործված ակտիվներ.
Թերություններ են հայտնաբերվել նաև մունիցիպալիտետի կողմից ձեռք բերված գույքի իրացման ոլորտում։ Քաղաքապետարանը չի ապահովել ծրագրերի օպտիմալ պլանավորումը, անարդյունավետ ծախսել է 199,8 հազար լարի և չի հասել ծրագրերի իրականացման համար սահմանված նպատակին»,- ասվում է Պետական աուդիտի ծառայության հաշվետվության ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հատվածում։
Ծառայությունը թերությունների մասին հաշվետվությանը զուգահեռ մշակել է նաև առաջարկություններ, շտկելու իրավիճակը յուրաքանչյուր ոլորտում, որտեղ խնդիրներ են հայտնաբերվել։
Ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ հանձնարարականում ասվում է.
«Քաղաքապետարանը պետք է մշակի ենթակառուցվածքային ծրագրերի կառավարման ռազմավարություն/կանոններ, որոնց շրջանակներում կպլանավորի աշխատանքները, հաշվի առնելով բոլոր գործոնները, որոնք կարող են խանգարել ծրագրի հաջող ավարտին և/կամ օգտագործմանը։ Դրանց թվում ուսումնասիրել ծրագրի առաջնահերթությունը, դրա իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները և, հետևաբար, որոշել դրա իրականացման հնարավորության և նպատակին հասնելու աստիճանը»,- ասված է առաջարկությունում։
Հայտնաբերված այլ թերությունների և առաջարկությունների մասին տեղեկությունը Jnews-ը կներկայացնի իր հաջորդ նյութերում։