Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում շարունակվում են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանին հաշվետու ոչ առևտրային կազմակերպությունների լսումները իրենց գործունեության, խնդիրների և ձեռքբերումների մասին: Մարտի 27-ին պատգամավորները լսեցին 6 կազմակերպության հաշվետվություն, ինչի արդյունքում առաջարկեցին ակտիվորեն վարել իրենց էջերը սոցցանցերում, ինչպես նաև որոշ կազմակերպությունների խորհուրդ տվեցին փոխել կանոնակարգը, վաճառքից եկամուտ ստանալու հնարավորություն ունենալու համար։

Իրավիճակների լսումներից և վերլուծությունից հետո կմշակվեն հանձնարարականներ և առաջարկություններ, որոնք կուղարկվեն քաղաքապետարան։

Գավառագիտական թանգարան

Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում աշխատում է 10 մարդ։ Թանգարանը մունիցիպալիտետին տարեկան վճարում է 500 լարի, տեղական բյուջեի ֆինանսավորումը կազմում է 58500 լարի։

Թանգարանի տնօրեն Սեդա Համբարյանը պատմեց, թե անցյալ տարի ինչ աշխատանք են կատարել: Նա ասաց, որ իրենք բուկլետներ են ստեղծել և բաժանում են մարդկանց։ 2023 թվականին թանգարան է այցելել 30 արտասահմանցի զբոսաշրջիկ, եղել են զբոսաշրջիկներ նաև Վրաստանից, ինչպես նաև որոշ դպրոցների աշակերտներ։ Տնօրեն Սեդա Համբարյանի խոսքով, ավելի շատ այցելուներ գրավելու համար, անհրաժեշտ է թանգարանի ցուցանմուշները թարմացնել։

Թանգարանը հանրահռչակելու և զբոսաշրջիկներին գրավելու նպատակով Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն առաջարկեց փոխել գործելաոճը։

«Սոցիալական ցանցերում էջեր ստեղծեք և այնտեղ տեղադրեք թանգարանային ցուցանմուշներ և տեղեկություններ թանգարանի մասին, թանգարանը հանրահռչակելու նպատակով հրավիրեք հյուրերի, բուկլետներ տվեք այլ քաղաքներին և ստեղծեք գրանցամատյան»,- ասաց նա։

Ակումբների միավորում

Ակումբների միավորմանը կից գործում է 4 պարի խումբ, որից 2-ը վրացական պարերի, 2-ը՝ հայկական։ Ակումբների միավորման տնօրեն Ալիկ Քսպոյանը նշելով ձեռքբերումները, ասաց, որ ակումբի պարային համույթները՝ հայկական և վրացական, մասնակցում են տարբեր մրցույթների ու փառատոների և հաղթում, ստանում են մրցանակներ, գրան պրի։

Երեխաներին պար սովորեցնելու վճարը կազմում է 20 լարի։ Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ով և ինչպես է որոշել վճարման չափը, քանի որ Սակրեբուլոն չի հաստատել Ակումբների միավորման պարերի պարապմունքների համար որևէ վճար։

«Ցանկացած վճարի չափը հաստատվում է սակրեբուլոյի կողմից, ինչու 20 լարի, ոչ ավել, ոչ պակաս, որտեղից եք վերցրել այս թիվը, սակրեբուլոն միթե հաստատել է վճարման այդ գումարը, մունիցիպալ ծառայության ցանկացած գին հաստատվում է սակրեբուլոյի կողմից: Դուք օգտվում եք մունիցիպալ շենքից, ուստի պիտի վճարեք, այդ վճարը պետք է հաստատի սակրեբուլոն, առանց սակրեբուլոյի հաստատման դա ճիշտ չէ»,- ասաց Նաիրի Իրիցյանը։

Չորս պարի խմբերում սովորում է մոտավորապես 50 մարդ: Միավորման տնօրենի խոսքով, բոլոր գյուղերը, նույնիսկ այն գյուղերը, որտեղ ակումբի շենք չունեն ունեն իրենց պարի խումբը: Նա ասաց, որ Միավորման վարչակազմում աշխատում է 23 հոգի, ևս 34-ը՝ գյուղերում։

Միավորումում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, թափուր է վրացական թատրոնի տնօրենի, հայկական թատրոնի, մանկական թատրոնի, էստրադային նվագախմբի աշխատողի տեղերը: Թափուր են նաև երեք գյուղական ակումբների տնօրենների հաստիքները։ Ակումբների միավորման տնօրենը ընդգծեց ակումբի շենքերի վատ վիճակը:

Պատգամավորներն առաջարկեցին նաեւ սոցիալական ցանցերում ստեղծել էջ՝ ակումբի աշխատանքը հանրահռչակելու եւ համույթների ձեռքբերումները ցուցադրելու համար։

«Դուք ունեք պոտենցիալ, դուք աշխատում եք, մենք դա տեսնում ենք, պարզապես բարելավեք ձեր աշխատանքը։ Տարեսկզբին ձեր աշխատանքային ծրագիրը ներկայացրեք քաղաքապետարանի հաստատմանը: Ձեր ձեռքբերումները ցույց տվեք սոցիալական ցանցերում, որպեսզի բոլորն իմանան, որ ավելանան պարել սովորել ցանկացողների քանակը: Ակումբը հանրահռչակելու համար, ինչպես նաև, որպեսզի բնակչությունը կարողանա տեսնել ձեր աշխատանքը, ամռանը, երբ դրսից շատ այցելուներ է ունենում քաղաքը, ձեր դասերը անցկացրեք կենտրոնական այգում, նույնիսկ փոքր խմբով, որպեսզի զբոսաշրջիկները տեսնեն մեր մշակույթը: Դուք պոտենցիալ ունեք, պարզապես ուշադրություն դարձրեք նման բաներին: Մենք, այնպես էլ շատ ժամանցային վայրեր չունենք»,- ասաց Նաիրի Իրիցյանը։

Աշուղական դպրոց

Ախալքալաքի աշուղական դպրոցում սովորում է 50 աշակերտ։ Դպրոցն ունի 7 աշխատակից, 5 ուսուցիչ, տնօրեն և հաշվապահ։ Դպրոցում ուսման վարձը 10 լարի է։ Տնօրեն Մարկ Քսպոյանի խոսքով, դպրոցի սաները հիմնականում գյուղաբնակ երեխաներն են, թեև նա նշեց, որ վերջին տարիներին դպրոց հաճախում են նաև քաղաքում բնակվող երեխաները։

Դպրոցի տնօրեն Մարկ Քսպոյանը նշեց, որ դպրոցի շենքը վերանորոգման կարիք ունի:

Գրադարանների միություն

Գրադարանների միությունն ունի 30 աշխատակից և 17 մասնաճյուղ շրջանի տարբեր գյուղերում։ Մասնաճյուղերը բացվում են ըստ անհրաժեշտության։ Մասնաճյուղերի պայմանները շատ վատ են, գրքերն անմխիթար վիճակում են։ Գրադարանների միության տնօրեն Թեկլե Վախթանգիշվիլիի խոսքերով, անցյալ տարի որոշ գյուղական գրադարանների հնացած և մաշված գրքեր դուրս են գրվել որպես մակուլատուրա: Գյուղերում ու բուն քաղաքում գրականության պակաս կա, հատկապես հայերենի։ Թեկլե Վախթանգիշվիլին ասում է, որ Թբիլիսիից գրքեր են ստանում միայն վրացերեն և անգլերեն լեզվով։

Գրադարանների միությունը սոցիալական ցանցերում էջ ունի, սակայն քանի որ այն ակտիվ չէ և չի թարմացվում, պատգամավորների կողմից դիտողություն ստացան:

«Որպեսզի ձեր աշխատանքը բոլորին տեսանելի լինի, սոցիալական ցանցերում ակտիվ եղեք, ցույց տվեք, թե ինչով եք զբաղվում»,- ասաց սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

Նկարչական դպրոց
Նկարչական դպրոցն ունի 50 աշակերտ, դասավանդում է 6 ուսուցիչ։ Դպրոցում վարձը 5 լարի է։ Սովորում են քաղաքից և շրջանի տարբեր գյուղերից եկած երեխաներ: Սոցցանցերում կա էջ, բայց այն ակտիվ չէ։ Արվեստի դպրոցի տնօրեն Գայանե Կարապետյանի խոսքով, իրենք մասնակցում են մրցույթների, բայց ոչ բոլորին, որտեղ հրավիրվում են։ Ամռանը նրանց Բուլղարիա մրցույթի են հրավիրել։

Պատգամավորների դիտողությունն այն էր, որ իրենք չեն գովազդում իրենց դպրոցը և չեն ցուցադրում իրենց ձեռքբերումները սոցիալական ցանցերում։ Վրաստանի գեղարվեստի միության հետ շփումն այնքան էլ ակտիվ չէ։ Նաիրի Իրիցյանն առաջարկեց ամռանը քաղաքի կենտրոնական զբոսայգում կազմակերպել նկարչության վարպետաց դասեր, երբեմն էլ իրենց դասերն անցկացնել այնտեղ։ Պատգամավորները նաև խորհուրդ տվեցին փոխել իրենց կանոնադրությունը, որպեսզի դպրոցի հավելյալ եկամուտի համար հնարավոր լինի կտավները վաճառել։

Ապագայի տուն

Ապագայի տանը գործում է 9 խումբ՝ լեզվի ուսուցում, ձեռագործություն, ասեղնագործություն և այլն։ Բոլոր խմբերն անվճար են։ Ապագայի տունը, տնօրեն Մայթեսյան Սաթենիկի խոսքով, ունի մոտ 220 աշակերտ և 10 աշխատակից։ Խոսելով կազմակերպության աշխատանքի մասին, Սաթենիկ Մայթեսյանն ասաց, որ իրենք տարվա ընթացքում կազմակերպում են տարբեր միջոցառումներ և ցուցահանդեսներ: Ապագայի տունը սոցիալական ցանցերում էջ ունի, սակայն այն ևս ակտիվ չէ։

Սաթենիկ Մայթեսյանի խոսքով, իրենց մոտ դասավանդվող լեզուների դասագրքեր են պետք, որոշ դասասենյակներ էլ վերանորոգման կարիք ունեն։ Պատգամավորները խորհուրդ տվեցին ակտիվացնել էջը, որպեսզի իրենց աշխատանքը տեսանելի լինի բոլորին, ինչպես նաև փոխել կանոնադրությունը, որպեսզի կարողանան վաճառել տարբեր խմբակներում պատրաստված ձեռագործ աշխատանքները և ունենալ լրացուցիչ եկամուտ:

Հանրային առողջապահության կենտրոն

Հանրային առողջապահության կենտրոնում աշխատում է 23 մարդ։ Գյուղերում աշխատում է 27 բժիշկ և 45 բուժքույր։ Ոչ բոլոր գյուղերն ունեն բուժկետ և բուժքույր։ Մի քանի գյուղերում աշխատում է մեկ բուժքույր, իսկ այն գյուղերում, որտեղ բուժկետ չկա, բուժքույրն աշխատում է իր տանը։ ՀԱԿ տնօրեն Սիրանուշ Տոնականյանի խոսքով, իրենք բոլոր պատվաստումները ժամանակին են անում: Կենտրոնում թափուր աշխատատեղեր չկան: Սիրանուշ Տոնականյանը խնդրեց, որ տեղական բյուջեն հոգա կենդանիների կողմից հարձակման ենթարկված մարդկանց կատաղության դեմ պատվաստանյութի ներարկման ծախսերը։ Կատաղության դեմ պատվաստանյութն անվճար է, իսկ հիվանդանոցում ներարկման ծառայությունն արժե 40 լարի։ Նման դեպքերում անհրաժեշտ է մի քանի ներարկում:

Սիրանուշ Տոնականյանի խոսքով, այս տարի մունիցիպալիտետում շների ու կատուների կծածների քանակը ավելացել է: Այս տարի արդեն գրանցվել է կենդանիների կծման 29 դեպք։