Մեկ շաբաթ առաջ փակվեց Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղի արհեստական աղբավայրը, որը ստեղծվել էր գյուղի բնակիչների կողմից 2000-ականների սկզբին։ 22 աղբարկղը գյուղացիներին չեն բավականացնում: Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, նոր աղբամաններ ստանալուց հետո, գյուղում, կավելացնի դրանց թիվը, որպեսզի ամբողջությամբ լուծվի աղբահանության խնդիրը և կրկին չստեղծվի արհեստական աղբավայր։
Խանդո գյուղում ապրում է 1650 մարդ, 510 ընտանիք։ Գյուղն ունի 22 աղբաման՝ 1,1 մ³ տարողությամբ։ Գյուղում աղբամանների պակաս չէր զգացվում, քանի որ 2000 թվականից գյուղի ծայրամասում արհեստական աղբանոց էր ստեղծվել, և բնակիչներն ակտիվորեն աղբը նետում էին այնտեղ, չնայած արհեստական աղբանոցի մոտ կենտրոնական մայրուղու վրա տեղադրված է 5,5 մ³ տարողությամբ մեծ աղբի կոնտեյներ։ Վերջին 2-3 տարում հիմնականում աղբանոց էր նետվում փչացած կարտոֆիլ։ Այս արհեստական աղբավայրը հողաշերտով փակել են։
Խանդո գյուղում տեղադրված է 22 աղբարկղ։ Գյուղի սկզբնամասում՝ մուտքի մոտ, տեղադրված է մեկ արկղ, մոտ 200 մ-ից հետո տեղադրված է երկրորդ աղբարկղը, 100 մ-ից հետո հանդիպում է երրորդը: Մի աղբարկղը տեղակայված է դպրոցի մոտ, ևս երկուսը՝ գյուղի կենտրոնում, իսկ մնացածը՝ կենտրոնական ճանապարհի երկայնքով՝ մինչև գյուղի վերջ, դեպի գլխավոր մայրուղի։ Նրանց միջև հեռավորությունը 100 մ-ից մինչև 200 մ է:
Սակայն, գյուղի բնակիչների խոսքով, կան փողոցներ, որտեղ արկղեր տեղադրված չեն, և բնակիչները ստիպված են վերցնել աղբն ու գյուղով մեկ տանել այլ փողոցներ։ Օրինակ՝ նման փողոց է, ըստ բնակիչների, եկեղեցուն հարող տարածքը։
«Գյուղի մեր կողմում՝ դեպի եկեղեցի, աղբարկղեր չկան։ Մեքենան այնտեղ կարող է մտնել։ Ես ասել եմ այս մասին ղեկավարությանը, բայց նրանք չեն տեղադրել»,- ասաց նա, սակայն չցանկացավ հայտնել իր անունը։
Գյուղի մեկ այլ բնակչուհի Սուսաննա Հակոբյանն ասում է, որ իրենց փողոցում բավականաչափ աղբարկղեր կան.
«Մենք բավականաչափ ունենք, թեև մեկ աղբամանը տարել են, բայց կան փողոցներ, որտեղ աղբամաններ տեղադրված չեն։ Շաբաթը երկու անգամ աղբարկղերը աղբահանում են, նորմալ հավաքում են, ես գոհ եմ»,- ասաց Սուսաննա Հակոբյանը։
Խանդո գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Աշոտ Սահարյանը Jnews-ի հետ զրույցում նշեց, որ որոշ բնակիչներ թույլ չեն տալիս իրենց տների մոտ աղբամաններ տեղադրել, ուստի որոշ փողոցներից արկղերը հանվել են։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնը շուտով կստանա 117 նոր մետաղական աղբամաններ և կբաշխի մունիցիպալիտետի գյուղերով։ Աղբամանների գնման մրցույթը շահել է «Օրիենտի» ՍՊԸ-ն՝ 195 000 լարիի չափով։
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանն ասաց, որ մի քանի օրից իրենք կստանան նոր աղբարկղեր և կսկսեն որոշել, թե որտեղ և ինչքան ավելացնել։
«Խանդո գյուղում 2-3 աղբարկղ կավելացնենք, ավելին չենք կարող: Աղբարկղերը գյուղում տեղադրվել են այնտեղ, որտեղ հարմար է, որտեղ մեքենան կարող է հասնել։ Նեղ փողոցներում աղբահանության տեխնիկան դժվար է աշխատում, հատկապես՝ ձմռանը։ Եթե աղբարկղերը տեղափոխենք, սա էլ արդեն դժգոհություն կառաջացնի բնակիչների շրջանում։ Մենք տեղադրում ենք մեքենաների համար հարմար տեղերում»,- ասաց Մխիթար Ռստակյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետն աշխատանքներ է տանում թափոնների կառավարման բարելավման ուղղությամբ: Այս ռազմավարության շրջանակում գյուղերում ու քաղաքում պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, որպեսզի բնակիչներն աղբը չնետեն բնության մեջ կամ չստեղծեն արհեստական աղբավայրեր։ Ինչպես նաև, համապատասխան պայմանների ապահովվման դեպքում, պետք է իրականացվի հսկողություն, որպեսզի բնակիչները չաղտոտեն բնությունը՝ համաձայն «Կենցաղային թափոնների մասին օրենսգրքի», այսինքն՝ արդեն սկսեն տուգանել աղբը սխալ տեղում նետելու համար։