JNEWS-ի խմբագրությունը երեկ լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում է, որ Բուզավեթ գյուղի բնակիչներն իրենք են մաքրում ջրամբարները, որտեղից գյուղը խմելու ջուր է ստանում: Ջրամբարը ծածկված է կեղտի հաստ շերտով: Ջուրը գյուղին մատակարարվում է առանց ֆիլտրման: Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնից հավաստիացնում են, որ իրենք կմաքրեին այն, եթե իմանային խնդրի մասին:

Բուզավեթ գյուղի խմելու աղտոտ ջուրը (Video)

Բուզավեթ գյուղի բնակիչները ինքնուրույն մաքրել են խմելու ջրի ջրամբարները (ջրավազանները): Բնակիչները խոստովանում են, որ ջրամբարը մաքրելիս ցեխի հետ միասին այնտեղից դուրս է եկել միջատներ, օձեր, գորտեր և այլ կենդանիներ: Մաքրումից հետո նրանք պատրաստվում են ջուրը քլորացնել:

Ինչպես պարզվեց, այս ջրամբարները Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի իրավասության ներքո են գործում:

«Այո, այդ ջրամբարը մեզ է պատկանում, բայց նրանք մեզ չեն տեղեկացրել, ինչո՞ւ են անմիջապես Ձեզ զանգահարել և լուսանկար ուղարկել, ես չեմ հասկանում: Անցյալ տարի մեզ հետ կապվեցին, ես նրանց քլոր տվեցի, նրանք տարան, մարդ ուղարկեցի քլորացնելու: Ոչ ոք ինձ ոչինչ չի ասել, որ մեզ քլոր է պետք կամ ինչ-որ այլ բան: Բացի Բուզավեթից, մեզ են պատկանում ևս 35 գյուղերի ջրամբարներ: Մնացած գյուղերը պատկանում է քաղաքապետարանի ներքո գործող Սպասարկման կենտրոնին», – ասում է Միավորված ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արտակ Թառլամազյանը:

Մեզ չհաջողվեց պարզել, արդյո՞ք գյուղի իշխանությունները, ի դեմս մասնագետ Արթուր Դումանյանի, դիմել են ջրամատակարարման ընկերությանը, և արդյո՞ք նրանք պետք է ամեն անգամ դիմեն, որպեսզի ընկերությունը կատարի իր պարտականությունները՝ մաքուր և պիտանի ջուր ապահովի բնակչությանը: Ամբողջ օրվա ընթացքում JNEWS-ին չհաջողվեց կապ հաստատել Արթուր Դումանյանի հետ: Նրա հեռախոսն անջատված էր: