Արդեն մի քանի օր է, ինչ Ազավրեթ գյուղում մարդիկ մտահոգ են, քանի որ կոմբայնների (հնձասարքերի) անսարքության և անբարենպաստ եղանակի պատճառով գարին մնացել է հնձելու:

Ներկա պահին Ազավրեթում կա երկու կոմբայն, որոնք հունձն անում են 2,50 լարիով՝ 1 արը։ Սակայն հինգ օր առաջ երկու կոմբայնն էլ փչացել է: Միայն երկու օր անց մի կոմբայնն սկսել է հունձը՝ գյուղի ձորի դաշտերում, իսկ «տնական» դաշտերը մնացել են բախտի քմահաճույքին:

Գյուղացիներն անհանգստացած են, որովհետև գարին թափվում է, իսկ կոմբայնը դեռ անսարք է։

Հարկ է նշել, որ Ազավրեթում կոմբայնավարներից մեկը հունձը սկսել էր հուլիսի 25-ից, բայց քանի որ ամեն տարի հունձը սկսել են օգոստոսի սկզբներից, այդ պատճառով գյուղացիք մեծ նշանակություն չտալով՝ չեն շտապել արտերը հնձել: Դրա համար կոմբայնավարը հունձը սկսել է հարևան գյուղերի արտերում:

Ազավրեթցիներից մի քանիսը հարևան գյուղերից են կոմբային բերել և հնձել իրենց գարու դաշտերը, իսկ «տնական» դաշտերը քարոտ լինելու պատճառով մնացել են, քանի որ կոմբայնավարները չեն համարձակվում մտնել այդ դաշտերը և հնձել։

Գյուղացիները նշում են, որ ստեղծված իրավիճակը բարդ է, բերքի նույնիսկ 20%-ը չեն կարողանում հավաքել: Հասած գարին թեթև քամուց թավում է: Կան մարդիկ, որ 40 արից ընդամենը մեկ պարկ գարի են հավաքել, բերքի մնացած մասը փոշիացել է՝ քամին տարել է:

Ազավրեթցիների գարին թափվում է, և մարդիկ ստիպված են արտերը ձեռքով հնձել որպես անասնակեր:

Ծաղիկ Սերոբյան