Վերջերս Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը տարածվում է նաև Ախալքալաքում գործող տարբեր կազմակերպությունների վրա։ Jnews-ը պարզել է, թե ինչ են պատրաստվում անել տարբեր կազմակերպություններ՝ կապված օրենքի ընդունման հետ։
Ախալքալաքում կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք երկար տարիներ աշխատում են շրջանում և տարբեր կերպ օգնում տեղի բնակչությանը։ Նրանց բոլորին վերաբերում է այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը», քանի որ աշխատում են դրամաշնորհներով։ Որոշ կազմակերպություններ անորոշության մեջ են, ոմանք էլ որոշել են գրանցվել ռեգիստրում, որոշներն էլ դեռ հույս ունեն, որ օրենքը կփոխվի կամ կչեղարկվի…
«Առաջ դեպի նոր հնարավորություններ» ՀԿ-ի տնօրեն Լոլյա Ռաիսյանը, ինչպես նաև մարդ, ով աշխատել և աշխատում է այլ ՀԿ-ներում, ինչպիսիք են Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը, Մեծահասակների կրթության կենտրոնը։ Նա, ինչպես շատ այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ, անորոշության մեջ է։
«Ես մեծ հույսեր ունեմ, որ այն դրական փոփոխությունները, որոնք ՀԿ-ները բերել են Ախալքալաքի բնակիչներին այս ընթացքում, կաշխատեն երկար տարիներ: Ես կարող եմ շատ տեղերում աշխատել, եթե ՀԿ-ները փակվեն, բայց այն մարդիկ, ովքեր օգտվում էին ՀԿ-ների բարիքներից, կարող են մնալ ոչնչով»,- մեկնաբանում է նա։
«Ես գիտեմ շատ մարդկանց, ում կյանքը փոխվել է մեր նախագծերի շնորհիվ, եթե մենք չլինեինք, որոշ կանայք տանից դուրս չէին գա»,- հավելում է Լոյլան:
«Ախալքալաքի բիզնես կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մախարե Մացուկատովը չի պատրաստվում գրանցվել ռեգիստրում, իսկ ծայրահեղ դեպքում՝ կլուծարի կազմակերպությունը։
«Այս պահի դրությամբ չեմ պատրաստվում գրանցվել: Տեսնենք՝ ինչպես կգնան գործերը, մյուս կողմից՝ կարծում եմ, որ ի վերջո այս օրենքը կչեղարկվի, պարզապես հիմա, այսպես ասած, նյարդային շրջան է: 60 օր կա, մինչև նրանք կբացեն այդ պորտալը, հետո մեկ ամիս ժամանակ կտան գրանցվելու համար: Հետո տուգանքի մասին նամակը կուղարկեն, հետո դատարան, և այլն ՝ այս ամենը կտևի մինչև հոկտեմբեր: Մյուս տարբերակը՝ Վրաստանում կսկսվի ճնշումը ՀԿ-ների վրա, հետո մենք կսկսենք լուծարման գործընթացը»,- ասում է նա։
LAG Ախալքալաքի նախագահ Սերգեյ Խաչատրյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, որ կազմակերպությունը դեռ չի որոշել, թե ինչ է անելու օրենքի ընդունման հետ կապված։
«Մենք դեռ որոշում չունենք, նույնիսկ տարբերակներ չունենք, մենք անորոշ վիճակում ենք»,- մեկնաբանեց նա։
Սերգեյը նշեց, որ յուրաքանչյուր LAG-ն ինքնուրույն է ընդունում իր որոշումները, և Վրաստանի LAG-երի Վրացական ասոցիացիան չի կարող որևէ որոշում պարտադրել կազմակերպություններին:
«Ես 2018 թվականից ոչ մի դրամաշնորհ չեմ ունեցել, չկա ոչ մի 20 տոկոս, այնպես որ, ես ստիպված չեմ լինի լուծարել կազմակերպությունը: Ես կաշխատեմ նախկինի պես, կամավորության հիմունքներով: Ես դեռ չեմ դիմի դրամաշնորհների համար, տեսնենք, թե ինչ կլինի ընտրություններից հետո»,- մեկնաբանում է «Green Crossing» կազմակերպության համահիմնադիր Քրիստինե Մարաբյանը, ով աշխատում է գենդերային հարցերի շուրջ։