Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական իշխանությունները դեռ չեն նախատեսում շարունակել ապօրինի տեղադրված վագոն-տնակների կամ շինությունների ապամոնտաժումը քաղաքի փողոցներից: 15-րդ ավանի մոտակայքում գտնվող շինությունները, որոնք բնակիչները ցանկանում էին օրինականացնել, նույնպես դեռ չեն կարող գրանցվել:
Ախալքալաքը վագոններից և ապօրինի շինություններից «մաքրելու» նախաձեռնությունն իրականացվել է 2018 թվականին և այն պիտի կրեր շարունակական բնույթ: Սկզբում դա դժգոհություն առաջացրեց այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործում էին այդ վագոնները, սակայն չնայած դրան, քաղաքապետարանը, այնուամենայնիվ, կենտրոնական փողոցից հեռացրեց մոտ 60 վագոն-տնակ:
Բնակիչները բողոքարկել են Ախալքալաքի նախկին 15-րդ ավանի մոտակայքի, մայրուղու հարակից տարածքում գտնվող շինությունների օրինականացման մերժման քաղաքապետարանի որոշումը: Քաղաքապետարանը կարծում է, որ այս շինությունները կառուցվել են ապօրինի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը Jnews- ին ասաց, որ քաղաքի փողոցներից հին շինություններն ու վագոն-տնակները հեռացնելու ուղղությամբ աշխատանքների վերսկսում չի նախատեսվում:
«Առայժմ ծրագրեր չկան, ես կարծում եմ, որ դա դեռևս անհրաժեշտ չէ: Նրանք, որոնք մենք հանել էինք, չէին գործում: Գլխավորը մենք մաքրեցինք կենտրոնական փողոցները, որոնք նկատելի էին: Իսկ հիմա ինչ-որ մեկը հեռացնել, ինչ-որ մեկը թողնելը սխալ կլինի: Կան շինություններ ,որոնք կառուցվել են 30 տարի առաջ, այդպիսի տգեղ և հին շինությունները շատ են ծայրամասային փողոցներում», – ասաց Յուրիկ Ունանյանը:
Վերջինիս խոսքով, իրենք չեն հաշվառել քաղաքում ապօրինի տեղադրված վագոններն ու շինությունները, բայց անհրաժեշտության դեպքում կարող են դա անել:
Նախկին 15-րդ ավանի մոտակայքում գտնվող շենքերի օրինականացման վերաբերյալ Յուրիկ Ունանյանն ասաց հետեւյալը.
«Այն ժամանակ 22 մարդ նամակ էին գրել նահանգապետին, խնդրելով թույլ տալ մարդկանց շարունակել շինարարությունը և օրինականացնել, բայց ինձ թվում է, որ դա այդքան էլ հեշտ չէ, այդ շինությունների հետևում գտնվող տարածքը պատկանում է Պաշտպանության նախարարությանը: Այնտեղ շինարարությունը դեռ դադարեցված է: Քանդելն էլ հեշտ չէ: Այնտեղ կա մոտ 25 շինություն»:
Իսկ Ախալքալաքի տարածքում շինություններ կառուցելու և տեղադրելու համար հողամասեր տրամադրելու առումով Յուրիկ Ունանյանը պարզաբանեց, որ այս ժամանակահատվածում օրինականորեն հատկացվել է միայն մեկ տեղ՝ «Ավերսի» դեղատան մոտակայքում: Նա նաև ասաց, որ բնակիչներին տեղերը տրամադրվում են, եթե պահանջվող վայրը հարմար է համարվում: Քաղաքապետարանի կողմից հատկացվելուց հետո տեղերը հաստատվում են Սակրեբուլոյում:
«Դա կախված է նրանից, թե ինչ տեղ է, եթե անհարմար լինի, մենք չենք կարողանա այն տրամադրել», – ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:
Վագոն-տնակների հեռացումը շարունակական կլինի
Վագոն-տնակների հեռացումը շարունակվում է
Կենտրոնական փողոցը գրեթե մաքրվել է տնակներից