Ղադոլար և Լոմատուրցխ գյուղերի կռվախնձորը ջուրն է, մեկ ամիս առաջ իշխանության ներկայացուցիչները ստորաբաժանել են ջուրը, սակայն ղադոլարցիները դժգոհ են:
10 տարուց ավելի է խմելու ջրի պատճառով երկու հարևան գյուղերը կոնֆլիկտի մեջ են: Մոտավորապես մեկ ամիս առաջ Ղադոլար և Լոմատուրցխ գյուղերի բնակիչների միջև կրկին անհամաձայնություն էր առաջացել, որի պատճառը Լոմատուրցխի ջրի անցքի փակելն էր, ինչում լոմատուրցխեցիները մեղադրում էին ղադոլարցիներին: Խնդրին միջամտեց տեղական իշխանությունը: Ախալցիխեից հատուկ մասնագետների խումբ է ժամանել գյուղ և ջուրը բաժանել երկու գյուղերի միջև: Ջրի բաժանումից հետո էլ ղադոլարցիները դժգոհում են և գտնում, որ ջրի բաժանման այդ մեթոդը սխալ է, որովհետև գյուղի բարձունքում գտնվող տներին ջուր չի հասնում: Իսկ Լոմատուրցխի բնակիչների խոսքերով՝ երկու օր ջուր ունեն, մեկ օր՝ չունեն:
«Որ եկան ջուրը չափեցին, դա ճիշտ չափ չէր, որովհետև ջուրը սխալ տեղից է բաժանած: Լոմատուրցխը ջուրը տարել են ցածր տեղից, իսկ մերը դեպի վերև է բարձրանում, հետևաբար ներքև ավելի հեշտ է ջուրը գնում քան բարձրանք: Մենք, որ ջուր չունենանք լոմատուրցխեցիները կունենան»,- ասաց Ղադոլարի բնակիչ Գրիգորը:
Ղադո գյուղի բնակիչները բացարձակապես հերքելով լոմատուրցխեցիների այն տեսակետը, թե ջրանցքը ղադոլարցիներն են փակել, նաև հավելեցին որ լոմատուրցխեցիները իրենց սարից եկող ջրուղին ամբողջությամբ փչացրել են:
«Լոմատուրցխեցիները հնձի ժամանակ մեր սարի ջրի խողովակները կոտրում ջուր են խմում, շշերն էլ մեջն են թողնում: Հետո անտեղի մեզ են մեղադրում, թե խողովակները ծակել ենք, այդ անցքերի հետ մենք ոչ մի կապ չունենք, դրանք էլ են իրենք ծակել»,- ասաց Ղադոլարի բնակիչը ով չցանկացավ ներկայանալ:
Ջրի խնդիր երկու հարևան գյուղերը գրեթե միշտ են ունեցել: Մեկ լոմատուրրխեցիներն են ջրի անցքը մեծացնում, որ իրենց գյուղ շատ ջուր գնա, մեկ՝ ղադոլարցիները: Չնայած իշխանությունը բազմիցս փորձում է խնդրին լուծում տալ, սակայն մինչ օրս անարդյունք է:
Հարցի վերաբերյալ զրուցեցինք Ախալքալաքի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանի հետ, ում մեկնաբանությունը հակասում է գյուղացիների տեսակետին:
«Այսօրվա դրությամբ գյուղերում ջրի խնդիր չկա: Անցած ամիս կոնֆլիկտ էր առաջացել հատուկ մասնագետներ եկան և ջուրը բաժանեցին: Այն, որ գյուղացին ասում է ջուր չունի, դա այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, անցած ամիս մոտավորապես յոթ տուն գնացի, որ բողոքում էին ջրի բացակայությունից: Բոլոր ընտանիքներում էլ ջուրը գալիս էր, ուղղակի համեմատաբար քիչ, քան գարնանը: Ես միայն մի բան կարող եմ ասել, եթե ջուրը քաղաքակիրթ օգտագործեն, բոլորն էլ կունենան»,- ասաց Էդուարդ Աղասարյանը:
Այսօրվա դրությամբ երկու հարևան գյուղերը չեն կարող համաձայնության գալ:
«Մեզ, որ ջուր է հարկավոր իրենց էլ է հարկավոր, հարևան գյուղեր ենք, մենք իրենց ուրախությանն ու դժբախտությանն ենք մասնակից, իրենք՝ մեր, ամոթ է մեր մեջ վիճաբանություն լինի»- ասաց Ղադոլարի բնակիչ Ֆելիքս Սարգսյանը:
Ջուլիետա Տոնականյան